Ըստ բժիշկների՝ աղիքային հիվանդությունների պատճառը ջուրը չէ

Վերջին շրջանում սուր աղիքային հիվանդության պատճառները անձնական հիգիենային ուշադրություն չդարձնելն ու ոչ լավ մաքրված սնունդն է,- այս եզրահանգմանն է եկել ԼՂՀ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Ստելլա Միքայելյանը։

Բժշկուհու խոսքով՝ բոլոր հիվանդների մոտ գրեթե նույն ախտանշաններն են՝ ջերմություն, փսխում, լուծ, արյունոտ լորձ։ «Հիվանդների հոսքը նկատվել է օգոստոսի 12-ից, այսօրվա դրությամբ՝ հիվանդանոցում կա 42 հիվանդ, որից 39 երեխաներ են»,- տեղեկացնում է Ստելլա Միքայելյանը։

Հիվանդանոցն աշխատում է արտակարգ ռեժիմով, այժմ կարանտին է հայտարարված, որոշ աշխատողներ նույնիսկ հետ են կանչվել արձակուրդից։ Հիվանդների անընդհատ ավելացող թիվը հիվանդանոցում մահճակալների սակավության խնդիր է առաջացրել, ահա թե ինչու հիվանդասենյակներում ավելացնում են մահճակալներ։

«Հիվանդները հիմնականում նշում են, որ ձմերուկ եւ խաղող ուտելուց հետո է վատացել ինքնազգացողությունը»,- նշում է բժշկուհին՝ ավելացնելով, որ ամառային շոգին գումարվում են նաեւ ասֆալտի վրա վաճառվող ձմերուկները, իսկ հանրության մի ստվար զանգված ձմերուկը կտրում է առանց լվանալու։ Ամառային շոգ եղանակներին մի քիչ զովանալու համար շատերն են ապավինում լողավազանների ուժին, սակայն կեղտոտ ջրերում լողանալուց եւ ջուր կուլ տալուց հետո աղիքային հիվանդության առաջ են կանգնում։ Բժշկուհին հորդորում է բնակչությանը զերծ մնալ խառը սննդի օգտագործումից, սառնարանում երկար ժամանակով ձմերուկ պահելուց։

Օգոստոսի 12-ից մինչեւ հիմա ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 70 հիվանդ, իսկ նոր հիվանդների թիվը ոչ կանոնավոր, բայց ավելանում է։

Հիվանդանոցի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ առավել ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել են Ստեփանակերտի «Արեւիկ» բուժմիավորման վերակենդանացման բաժանմունք՝ 11 հոգի, սակայն նրանց մի մասը բաժանմունք է տեղափոխվել նաեւ հիվանդանոցի այլ բաժանմունքներում մահճակալների թվի սակավության պատճառով։

Ըստ բնակչության շրջանում շրջանառվող լուրերի՝ աղիքային հիվանդությունների պատճառը խմելու ջուրն է։ Ստելլա Միքայելյանը բացառում է խմելու ջրից փոխանցվող վարակի վարկածը, նշելով, որ տվյալ պարագայում ախտանիշը կտարածվեր մի ողջ թաղամասով կամ բնակավայրերով, սակայն այդպիսի դեպքեր չեն նկատվում։

Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտին Հայրապետյանը ջրի թունավոր կամ կեղտոտ լինելու վերաբերյալ լուրերը հերյուրանք է համարում: «Տարբեր ատյանների կողմից ստուգվել է ջուրը:Այդպիսի բան չկա», Karabakh-open.info-ի հետ զրուցում նշել է Մարտին Հայրապետյանը:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31