Հարկային վարչարարության բարեփոխումների ոլորտում էական առաջընթաց է արձանագրվել

ՀՀ ֆինանսների նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության վերջին տարիների համագործակցությունն հիմնականում ուղղված է Հայաստանում հարկային վարչարարության և օրենսդրության բարելավմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը: Հաշվի առնելով այն հանագամանքը, որ մեր երկրում հարկային վարչարարության բարեփոխումներով վերջին 5 տարիներին ընդգծված առաջընթաց է արձանագրվել, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 19-ին Ֆինանսների փոխնախարարներ Արմեն Ալավերդյանի և Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչությունում ծանոթացել է վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին:

Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի, խոսքը մասնավորապես վերաբերում է հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին:

Իրականացված միջոցառումների արդյունքում տարեցտարի աճել է էլեկտրոնային ծառայություններից օգտվողների քանակը: «Եթե 2011-ին հարկ վճարողների ընդամենը 7 տոկոսն էր Էլեկտրոնային եղանակով ներկայացնում հաշվարկ-հաշվետվություններ, ապա 2015-ին ցուցանիշը հասել է 95 տոկոսի: Այսօր բոլոր հարկային հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, իսկ 2016-ից հարկային հաշիվ չհամարվող մնացած փաստաթղթերը նույնպես դուրս կգրվեն էլեկտրոնային եղանակով, ինչը նշանակում է` ևս մեկ քայլ ուղղված հարկային մարմին-հարկ վճարողների շփման նվազեցմանը:

Միաժամանակ հաշվարկային փաստաթղթերի ամբողջական էլեկտրոնայնացումը թույլ կտա կրճատելու հարկային ստուգումների հաճախականությունը»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նկատել է, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը. «Բավականին տպավորված եմ հարկային վարչարարության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքներով: Հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ»:

Կարդացեք նաև

ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իրականացվում է հստակ ռազմավարությամբ. «Մենք շարունակելու ենք հարկ վճարողներին մատուցել բազմակողմանի ծառայություններ: Բարեփոխումների նպատակն է` աջակցել տնտեսվարողներին ցանկացած վայրից և ցանկացած պահի ավելի արագ ուղարկել հարկային հաշվետվություններ և կատարել վճարումներ»:

Այնուհետև տեղի է ունեցել շնորհանդես, որի ընթացքում ներկայացվել է նախարարությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես գործող էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղկացուցիչ մասերը` հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման, «մեկ պատուհան» սկզբունքով հարկ վճարողների հաշվառման, էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման, Նոր սերնդի ՀԴՄ-ների, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը: Անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված աշխատանքներին, այդ թվում` աշխատակիցների անձնավորված հաշվառման համակարգի ներդրմանը: Ներկայացվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա անելիքները, մասնավորապես մեկ գանձապետական հաշվի գաղափարը, հարկերի էլեկտրոնային եղանակով վճարման համակարգի ներդրումը, երրորդ անձանցից ստացված տեղեկատվության մշակման համակարգի զարգացման հեռանկարը:

Այցի շրջանակում ԱՄՆ դեսպանը շրջել է նաև Ֆինանսների նախարարության նորակառույց սերվերային կենտրոնում, որը կառուցվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` համաձայն ժամանակակից տեխնիկական և անվտանգության պահանջների: Իսկ Հարկ վճարողների սպասարկման կենտրոնում ծանոթացել է սպասարկման առանձնահատկություններին:

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս