Բաժիններ՝

Ալավերդցիները հրաժարվում են ծորակից ջուր խմել

asparez.am-ը գրում է. Վերջին օրերին Ալավերդիում գրանցվող աղիքային ինֆեկցիաների թվաճը ալավերդցիներին ստիպում է զգուշանալ: Գրանցվող աղիքային ինֆեկցիաների դեպքերը բնակիչների մեծ մասը կապում է ջրի հետ:

Որպես նախազգուշական առաջին միջոցառում՝ շուրջ մեկ շաբաթ է, բնակիչները դադարել են ծորակից ջուր խմել: Հնարավոր առողջական խնդիրներից խուսափելու համար ալավերդցիներն սկսել են մթերային խանութներից շշերով ջուր գնել:

-Ջրի վարակ կա, դրա հիման վրա էլ ջուր չենք խմում ծորակից, խանութից կամ ջուր ենք վերցնում, կամ լիմոնադ, նման հեղուկներ, որպեսզի չօգտվենք էդ ջրից: Փաստը փաստ է, որ ջուրը բացում ենք, ջրից հոտ է գալիս, կոյուղու հոտ,- ասում է բնակիչներից մեկը:

-Ընդհանրապես էս մի շաբաթ է, իմ ընտանիքում բոլորը հիվանդ են. երկու թոռս, տիկինս: Տիկինս էսօր է դուրս գրվել: Եւ ի՞նչն է պատճառն, ոչ մեկը ոչ մի բան չի ասում,- հավելում է մյուսը:

Վերջին 10 օրվա ընթացքում Ալավերդու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 15 մարդ: Եւս երկու տասնյակից ավել դիմել են կենտրոն՝ աղիքային ինֆեկցիային բնորոշ նշաններով եւ ստացել ամբուլատոր բուժօգնություն:

Ընդունելով հանդերձ, որ դիմելիության աճ է նկատվել, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն, այնուամենայնիվ, դա չի կապում ծորակից եկող խմելու ջրի հետ:

-Ամեն օր մեր կապը կա Ալավերդու փորձագիտական կենտրոնի հետ, որտեղ ամեն օր ջրի նմուշներ են վերցնում եւ մեզ տեղեկացնում, որ ջուրը լիովին մաքուր է, կենսաբանորեն ոչ մի վնասակար նյութեր չի պարունակում եւ ենթակա է 100 տոկոս օգտագործման,- ասում է տնօրենը:

Տնօրենի կարծիքով, աղիքային ինֆեկցիաների թվաճն ավելի շատ պայմանավորված է սեզոնայնությամբ եւ գրանցվող աննախադեպ բարձր ջերմաստիճանով:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս