
Մահացել է Հնդկաստանի առաջին տիկինը

Այսօր առավոտյան մահացել է Հնդկաստանի նախագահի կինը՝ Սուվրա Մուքերջին։ Այս մասին նշված է Հնդկաստանի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ առաջին տիկին Սուվրա Մուքերջին մահացել է այսօր առավոտյան (2015թ. օգոստոսի 18-ին)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է Times of India-ն, Հնդկաստանի նախագահի կինը որոշ ժամանակ հիվանդ է եղել: Անցած ուրբաթ օրը նա հոսպիտալացվել է շնչառական խնդիրների պատճառով ու գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա խնդիրներ է ունեցել նաև սրտի հետ:
Սուվրա Մուքերջին ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 17-ին Ջեսորում ու ամուսնացել է Հնդկաստանի գործող նախագահ Պրանաբ Մուքերջիի հետ 1957 թվականին հուլիսի 13-ին։
Առաջին տիկինը հնդիկ պոետ Ռաբինդրանաթ Թագորի երկրպագուն էր և հաճախ էր մասնակցում նրան նվիրված միջոցառումներին: Նա նաև նկարչուհի էր: Ունեցել է մի քանի ցուցահանդես: