«Ե՛վ «ոչ» ասողները, և՛ բոյկոտողներն իշխանությունների դաշնակիցներն են». ԱԻՄ առաջնորդ
«Սահմանադրական բարեփոխումների մասին խոսակցությունները սկսում են այն բանից հետո, երբ երկրում կա կա՛մ սահմանադրական, կա՛մ քաղաքական ճգնաժամ, կամ էլ, երբ հանրությունը հասունացել է ինչ-որ նոր գաղափարի համար. մեզանում ո՛չ առաջինը կար, ո՛չ էլ երկրորդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում հրատապ սահմանադրական փոփոխություններ կատարելու իրավիճակ գոյություն չունի:
«Թե ինչ են ուզում իշխանությունները՝ բոլորիս ակնհայտ է, իսկ ընդդիմադիր դաշտում կա հակատրամադրվածություն, մի մասն ասում է՝ պետք է «ոչ» ասել, մյուսն ասում է՝ պետք է բոյկոտել: Միանգամից ասեմ, որ և՛ «ոչ» ասողները, և՛ բոյկոտողներն իշխանությունների դաշնակիցներն են, որովհետև հենց այնպես «ոչ» ասել՝ առանց հիմնավոր ճակատ կազմելու, դա պետք է հանգեցնի նրան, որ օրինականացվի հանրաքվեն, որը տեղի է ունենալու: Մնում է մի բան՝ միավորվել որևէ գաղափարի շուրջ»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:
Նրա խոսքով՝ իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին, և, եթե կատարում ես համակարգային փոփոխություն, ապա այդ համակարգային փոփոխությունը պետք է ուղղված լինի նրան, որ ով էլ գա իշխանության՝ իշխանության գա ժողովուրդը:
Նա հայտարարեց, որ իրենք առաջարկում են բոլոր քաղաքական ուժերին՝ համախմբվել, միասնական ճակատ ստեղծել և օգտագործել այս առիթը, որ իշխանությունն իսկապես պատկանի ժողովրդին: Պարույր Հայրիկյանի խոսքով՝ բացարձակ ժողովրդավարական երկիր՝ նշանակում է՝ քաղաքացիներին պատկանող երկիր:
Հարցին՝ ժողովրդավարությունն ավելի կարևո՞ր է ժողովրդի բարեկեցությունից, չէ՞ որ յուրաքանչյուր նորամուծություն աշխարհի մասշտաբով նաև հղի է մի շարք վտանգներով, մասնավորապես՝ տնտեսական վտանգներով, Պ. Հայիկյանն այսպես պատասխանեց. «Ժողորդավարությունը ոչ թե կարևոր է, այլ ամենակարևոր բանն է, ընդհանուր առմամբ առաջընթաց ապրում են այն երկրները, որտեղ ժողովրդավարությունը բարձր մակարդակում է: Նշենք, թե Արևմուտքն ինչ տնտեսական բարձր հզորության մակարդակ ունի, և ինչ մակարդակի վրա են ոչ ժողովրդավարական պետությունները»:
Հարցին էլ՝ նոր նախագծի մասին ի՞նչ կարծիք ունեք, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ իր համար այդ Սահմանադրությունը գոյություն չունի. «Ընդհանրապես Սահմանադրության փոփոխություններն արվում են, որ ավելացնեն ժողովրդավարությունը, բայց եթե սա գոնե երկու անգամ նվազեցնում է բնակչության ներգրավվածությունը, ես այս նախագծին նայելու ցանկություն չունեմ»: