Իտալացի քաղաքական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն Քադաֆիի որդիների
Իտալիայի մի շարք հայտնի քաղաքական գործիչների բաց նամակ են գրել, որտեղ պահանջում են դադարեցնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդիներ Սեյֆ ալ-Իսլամի ու Սաադիի չարդարացված տառապանքներն ու նրանց գործը հանձնել քննարկման Հաագայի միջազգային քրեական դատարանին:
«Քադաֆիի երկու որդիները ենթարկվում են անընդունելի ու ստորացուցիչ կտտանքների»,- ասվում է փաստաթղթում, որը այսօր հրապարակվել է Միլանի Corriere della Sera թերթում:
Նամակն ստորագրել են Իտալիայի նախկին վարչապետ Մասիմա դ`Ալեման, Իտալիայի նախկին արտգործնախարարներ Էմմա Բոնինոն ու Անտոնիո Մարտինոն, Սենատի արտասահմանի հարցերով հանձնաժողովի ղեկավար Պիեռ Ֆերդինանդո Կազինին ու պատգամավոր Ֆաբրիցիո Չիկոտտոն:
«Լիբիան ավելի լավը չի դառնա, եթե ոչնչացվեն իր նախկին բռնակալի երկու որդիները: Քադաֆի եղբայրների ճակատագիրը չի կարող դառնալ նոր՝ մութ կետ այդ երկրում: Արդարացի գործընթացը հնարավորություն է, որ իսկապես հաշիվները մաքրվեն անցյալի հետ: Լիբիան չի կարող նման հնարավորությունը բաց թողնել»,- նշել են իտալացի քաղաքական գործիչները:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Տրիպոլիի Քրեական դատարանը մահվան է դատապարտել Քադաֆիի ռեժիմի 8 ներկայացուցչի, այդ թվում՝ նրա որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին:
Մահվան դատապարտվածների թվում են Լիբիայի Ջամահիրիայի համար կարևոր այնպիսի անձինք, ինչպիսիք են երկրի նախկին վարչապետ Ալ-Բաղդադի ալ-Մահմուդին ու Լիբիայի հետախուզության ղեկավար Աբդալլա աս-Սինուսին Լիբիայի նախկին առաջնորդի որդին դատարանում ներկա չի գտնվել, նա մահվան է դատապարտվել հեռակա կարգով, քանի որ բանտարկված է Զինտան քաղաքի բանտում, որի զինված խմբավորումները հրաժարվել էին ենթարկվել Տրիպոլիի կառավարությանը:
Դատապարտյալները մեղավոր են ճանաչվել 2011թ. փետրվարի 17-ին խաղաղ ցուցարարներին սպանելու ու կարտելային ջոկատներ ստեղծելու մեջ: Նրանք մեղադրվում են նաև կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են բանտապահները ծաղրում ու ստորացնում Մուամմար Քադաֆիի կրտսեր որդուն՝ 42-ամյա Սաադի Քադաֆիին: