Կուտակային ֆոնդերը վնասով են աշխատում, բայց մտադիր չեն հեռանալ Հայաստանից
Անցած տարվա արդյունքներով 1 մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում բավականին ուշագրավ անուններ կան: Օրինակ՝ այդ ցուցակում են հայտնվել նաև Հայաստանի կուտակային ֆոնդերի կառավարիչները՝ «ՑԵ-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունները: «ՑԵ-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան» հայտարարագրել է 122 մլն 292.6 հազար դրամ, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը»՝ 87 մլն 204.8 հազար դրամ վնաս:
Մեկնաբանություն ստանալու 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Արման Վարդանյանը տեղեկացրեց, որ ընկերությունը հիմնվել է և ԿԲ-ի կողմից կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա է ստացել 2013 թ. վերջին. «Գործունեության առաջին տարիներին վնաս գրանցելը, ըստ էության, օրինաչափ է տարբեր ոլորտների նորաստեղծ ընկերությունների համար: Սա հիմնականում պայմանավորված է ընկերության հիմնադրման ժամանակ կատարվող հաստատուն ծախսերով: Ուստի ֆինանսական արդյունքների ներկա մակարդակն ընկերության գործունեության այս փուլում նախատեսված է եղել ընկերության գործարար ծրագրով»:
Ըստ Ա. Վարդանյանի՝ ընկերության եկամտի աղբյուրը կենսաթոշակային ֆոնդերի կառավարումից ստացվող պարգևավճարներն են և ֆոնդերում կուտակվող գումարների, և դրանց կառավարման ընթացքում ձևավորված եկամուտների ավելացմանը զուգընթաց՝ կավելանան նաև ընկերության եկամուտները: Հարցին, թե դեռ որքա՞ն կշարունակեն վնասով աշխատել ՀՀ-ում, տնօրենը նշեց, որ ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում դիտարկում է երկարաժամկետ կտրվածքով. «Համագործակցելով ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ ընկերությունը նպատակ ունի նպաստելու Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև՝ ֆինանսական շուկայի հետագա զարգացմանը»:
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթից» մեր հարցադրումներին պատասխանեցին, որ ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2013թ. վերջին և բնականոն գործունեությունն ապահովելու համար կարևոր ներդումներ է կատարել ինչպես՝ անհրաժեշտ համակարգերի ձեռքբերման, այնպես էլ՝ պատշաճ գրասենյակային տարածքի վարձակալման և կահավորման ուղղությամբ:
««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում 2014թ. կատարված փոփոխությունները բերեցին մասնակիցների թվի և կատարված կուտակային հատկացումների նվազման, հետևաբար՝ նաև ընկերության եկամուտների՝ նախատեսված մակարդակից նվազման:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում կուտակային հատկացումների հետ կապված իրավիճակը բարելավվել է, և հատկացումները կենսաթոշակային ֆոնդերին սկսել են կանոնավոր բնույթ կրել: «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն ունի տասնամյակների համար ձևավորված երկարաժամկետ մոտեցում՝ պայմանավորված կենսաթոշակային ֆոնդերի կառավարման բնույթով: Ընկերությունը նախատեսում է հասնել շահութաբերության շեմին, երբ համակարգի մասնակիցների թիվը կհասնի սկզբնապես նախատեսված մակարդակին»,- նշեցին ընկերությունից: