Մարադոնան և Մեսսին տաղանդով հավասար են, բայց Դիեգոն աստվածային վրիժառու է
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն զուգահեռներ է անցկացրել Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի և «ալբիսելեստեի» ներկայիս ավագ Լիոնել Մեսսիի միջև: Վալդանոն կարծում է, որ տաղանդով նրանք այնքան էլ չեն տարբերվում իրարից:
«1986թ. Մարադոնան հաղթեց ավելին, քան միայն Աշխարհի առաջնությունը: Փաստորեն, մարդիկ ավելի շատ հիշում են մեկ քառորդ եզրափակիչ խաղն Անգլիայի հավաքականի հետ, քան հենց եզրափակիչը: Անգլիայի հետ խաղն այլ նշանակություն ուներ, և Մարադոնան վերածվեց ազգի հերոսի: Նա դարձավ իր տեսակի մեջ աստվածային վրիժառու` Արգենտինայի մեծ հիասթափությունների համար: Արդյունքում, մարդկանց մոտ էմոցիոնալ մակարդակում վստահություն առաջացավ, որ Դիեգոն անպարտելի է, չնայած Մեսսին նրա հետ հավասար տաղանդ ունի»,- ցիտում է Վալդանոյին El Mundo-ն:
Անցյալ դարի 80-ական թթ. սկզբին առկա էր կոնֆլիկտ Արգենտինայի և Անգլիայի փոխհարաբերություններում` կապված հայտնի Ֆոլքլենդյան ճգնաժամի հետ: Երկրները պատերազմում էին իրար դեմ` Ֆոլքլենդյան կղզիների վրա հսկողության համար: Ոչ Արգենտինան, ոչ Անգլիան պատերազմ չէր հայտարարել: Երկու կողմերի տեսակետով էլ ռազմական գործողություններն իրենցից ներկայացնում էին իրենց օրինական տարածքների վրա հսկողության վերականգնում:
Պատերազմն ավարտվեց Անգլիայի հաղթանակով, որը մինչև հիմա էլ հսկողություն է իրականացնում կղզիների վրա: Ինչ վերաբերում է Անգլիայի և Արգենտինայի միջև խաղին, ապա հարավամերիկացիները 2:1 հաշվով հաղթեցին, իսկ Մարադոնան դարձավ 2 գոլերի հեղինակը: Այս գոլերից մեկն անվանվեց «Աստվածային ձեռք», քանի որ Մարադոնան այն ձեռքով խփեց: Հետագայում նա ասաց, որ դա Աստծո ձեռքն էր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը