Բուժիչ ուրցը

«Սիսնապար». այսպես են անվանել ուրցը հայերը հին ժամանակներում։ Այս բույսը սիրում է աճել հողին սերտաճած մեծ քարաբեկորների շուրջը, որտեղ շատ է լույսը և մաքուր օդը։ Ծաղկման շրջանում այն լցնում է օդը աննկարագրելի բույրով, որը դեպի իրեն է ձգում մեղուներին և այլ միջատների։

Հնագույն ժամանակներում եգիպտացիներն օգտագործել են ուրցը մարմինը զմռսելու համար նախատեսված հոտավետ խեժի կազմում։

Պլինիուսը խորհուրդ է տվել եփել ուրցը քացախի մեջ և օգտագործել գլխացավի դեմ։ Վերգիլիոսը խորհուրդ է տվել հռոմեացիներին օգտագործել ուրցը (ծոթոր)` որպես համեմունք քացախի հետ, նաեւ ընդունել ուրցով լոգանք մարտից առաջ։

Միջին դարերում ուրցը բերվում է Կենտրոնական Եվրոպա։ Արքա Կարլոս Մեծը հավատում է համեմունքային բույսերի մոգական հատկություններին։ Միջնադարի ասպետների հանդերձանքին պատկերում էին ուրցի ծաղկած ճյուղիկը եւ մեղուների պարսը։ Կարլոս Մեծը 812թ. կազմեց օգտակար բույսերի ցուցակ, որում ուրցը զբաղեցնում էր առաջնահերթ տեղերից մեկը, թվով 74 բույսեր սկսեցին մշակել արքայական պարտեզներում։ Քրիստոնեական մշակույթում ուրցը համարվում է Աստվածածին բույս։ Հավատում էին, որ բույսի բուրումնավետ հոտը վանում է չար ուժերին։ Հնագույն ժամանակներից ուրցը օգտագործել են խոհարարության մեջ, միջնադարի շատ գրքերում բերված են բաղադրատոմսեր, որոնց մեջ օգտագործվում է ուրցը։ Այն մաս է կազմում լայն կիրառում ունեցող ժամանակակից համեմունքային խառնուրդների մեջ` «bouguet de garni» և «fines herbes»։

Կարդացեք նաև

Thymus serpullum-այս անվանումն ընդգրկում է շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերի մի մեծ խումբ։ Դրանք ցածր, շատ դիմացկուն բույսեր են։ Աճում են ավազի, ժայռերի, չոր լանջերի վրա, լուսավոր անտառներում` ցածրադիր վայրերից մինչեւ Ալպյան գոտի։ Դրանք տարբերվում են տերեւի եւ ծաղկաբույլերի կառուցվածքով, հոտով եւ համով։ Ուրց գետնատարածը բնության մեջ հանդիպող բույս է, որը մինչեւ մեր օրերը պահպանել է իր նշանակությունը` որպես դեղաբույս։ Այս փոքրիկ բազմամյա թփի բարձրությունը 12-15 սմ է։ Բույսը մշակվել է Հռոմում, հռոմեացիներին հայտնի է եղել Satureja hortensis տեսակը (փՈոպՐ, ծոթոր պարտեզային), որը նրանք թրմել են քացախի մեջ։ 9-րդ դարից սկսել են մշակել շատ եվրոպական երկրներում, օգտագործել են թարմ տերեւները` մսեղենի պատրաստման ժամանակ եւ աղցանների մեջ։ Այս բույսն աճեցնում են մարգերի վրա, բազմանում է սերմերով։ Ցողունը ուղղականգուն է, 30-45 սմ բարձրությամբ, տերեւները նշտարաձեւ են, ծաղկում է հունիսից մինչեւ ձմռան սկիզբ։ Մատիոլին իր «Հերբարիում» գրքում զգուշացրել է, որ օգտագործման մեծ քանակությունների դեպքում «մարդը սանձարձակ է դառնում»։

Thymus vulgaris-ուրց սովորական տեսակի հայրենիքը Միջերկրական ծովի հյուսիսային ափն է։ Այն հնուց մշակվում է, ունի բազմաթիվ ենթատեսակներ։ Որպես մշակաբույս` տարածված է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ղրիմի մարզում։ Բույսը մեծ կիրառում ունի ավանդական բժշկության մեջ։ Ուրց սովորականը 20-50 սմ բարձրության թուփ է, մշակվում է եթերային յուղի մեջ պարունակվող «տիմոլ» նյութի ստացման համար։ Տերեւների երկու կողմում գտնվող գեղձիկների մեջ պարունակվող եթերային յուղը առավել շատ է ծաղկման սկզբում։ Տիմոլը ունի բուժիչ հատկություններ, բույսից ստացված յուղը ավելացնում են նաեւ ատամի մածուկի, օճառի մեջ, այն ունի լավ բուրմունք եւ մանրէասպան ազդեցություն։ T.vulgaris եւ T. serpyllum տեսակները տարբերվում են ոչ միայն բարձրությամբ եւ ծաղկաբույլերի կառուցվածքով։

Ուրց գետնատարածը ավելի երկար է ծաղկում, այն հրաշալի մեղրատու է (40-140 կգ` մեկ հա-ից), մթերումը կատարում են ծաղկման շրջանում։ Ուրց սովորականը պարունակում է 0,5-2 տոկոս եթերային յուղ, իսկ ուրց գետնատարածը` 0,2-1 տոկոս։ Ուրց գետնատարածի եթերային յուղի մեջ գերակշռում է ոչ թե տիմոլը, այլ կարվակրոլը եւ ցիմոլը, դրա մեջ ավելի փոքր քանակությամբ օրգանական թթուներ են պարունակվում, ավելի մեծ քանակությամբ դառնանյութ եւ խեժ։

Համեմատվող տեսակները պարունակում են նաեւ ֆլավոններ, սապոնին-թիմուս, թթուներ (ուրսոլի, օլեանոլի եւ այլ), դաբաղանյութ, հանքային աղեր, կարոտին, ասկորբինաթթու, տանին։ Ուրց գետնատարածից ստանում են «Պետրուսսին» դեղամիջոցը, որը կա վաճառքում։ Այն խորհուրդ է տրվում որպես խորխաբեր, հազը փափկեցնող միջոց վերին շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։

Բազմաթիվ հեղինակներ, ուրց սովորականի մասին գրելիս, գրեթե միշտ նշում են նաեւ ուրց գետնատարածը, կարելի է ենթադրել, որ բժիշկները եւ ժողովրդական բուժարարները նախընտրում են բնության մեջ աճող ուրց գետնատարածը։ Այս բույսի ապագան Հայաստանում խիստ վտանգի տակ է։ ՈՒշադրություն։ Ուրց գետնատարածը չի կարելի եւ պարզապես անիմաստ է պոկել հիմքից, հարկավոր է մկրատով կամ սուր դանակով կտրել ցողունի ծաղկակիր մասը։

Հայաստանի բնական պայմաններում աճում է նաեւ ուրց սովորականը։

Ծոթրինը (ծոթոր, ծիտրոն, կորթին) մեր երկրում այնքան էլ օգտագործվող բույս չէ, եւ պարզվում է, որ շատ իզուր։ Ռուս գիտնականները հայտնաբերել են, որ այն երիտասարդ մնալու կենսահյութ է պարունակում, ծոթրինի եթերային յուղերը ի զորու են չեզոքացնելու ազատ ռադիկալների քայքայող ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։

Նշենք նաեւ, որ ուրցի բոլոր տեսակները ունեն դիմադրողականությունը բարձրացնող հատկություն։ Դեռեւս 9-րդ դարում (Ք.Հ.) Մուհամմադ Զաքարիա Ռազին պատվաստել է երեխաներին ծաղկախտից, սակայն իմունոլոգիայի հիմնադիր է համարվում անգլիացի Էդվարդ Ջեններսը, որը 1796 թ.-ի կրկնել է Ռազիի փորձը, ստանալով դրական արդյունք։ Ուրցը այսօր դասվում է այն բույսերի թվին, որոնք ունեն ադապտոգեն հատկություն, ինչը դարեր առաջ նկատել է Մատիոլին, նա համարել է, որ ծոթրինը ստացել է իր անվանումը անտիկ ծաղրածուներից` Satureja։ Նրանք օգտագործել են բույսը աշխուժությունը պահպանելու համար։

Հետաքրքիր է նկատել, որ հին ժամանակներում մարդիկ օգտագործել են ուրցի տարբեր տեսակները հում վիճակում սնունդի մեջ, խմել դրա թուրմը մեղրի հետ, կամ տարվա ցուրտ եղանակին ամիսը մեկ շփել մարմինը ուրցի եփուկով։

Զգուշացում։ Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։ Ուրցը հակացուցված է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, ստամոքսի խոցի, առիթմիայի դեպքում, նաեւ հղիներին։

Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարեւորվում է բույսի վարակամերժ եւ ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները եւ լոգանքը թեթեւացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաեւ մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը եւ բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի եւ թեփոտման դեպքում։

Ա. Ամասիացին գրում է. «Լավագույնը սուր հոտով կանաչ ուրցն է։ Եթե ծեծեն ու դնեն մեղվի կծածի վրա, շատ կօգնի։

Ճիճվաթափ հատկություն ունի, տարրալուծում է միզապարկի քարերը, դադարեցնում է սրտխառնոցը։ Եթե ուրցի 4,4 գրամ հյութը խառնեն քացախի ու մեղրի հետ եւ խմեն, կանցկացնի մրսածությունից առաջացած գլխացավը։ Գլխացավի դեպքում կօգնի նաեւ, եթե տերեւների հյութը քսեն գլխին։ Ուրցին կարող է փոխարինել պատրինջը»։

urc 1

Յուղամզվածք. 1 լ ձիթապտղի յուղը տաքացրեք մինչեւ 40 աստիճան, ավելացրեք 50 գրամ փոշիացրած ուրց, 2 ժամ պահեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 12 ժամ հով տեղում։ Քամեք, պահեք փակ տարայի մեջ։ Յուղամզվածքի մեջ պահպանվում են ուրցի օգտակար նյութերը, այն օգտագործեք հոդային, մկանային եւ նյարդային ցավերի դեպքում` շփելով քսեք ցավոտ հատվածներին։

Արյան բարձր ճնշման դեպքում.

  • Փոշիացրած 1 ճ/գ ուրցը խառնեք 0,5 կգ մեղրին։ Ընդունեք մեկական թ/գ, օրը 2-3 անգամ։
  • Խառնեք իշառվույտի, ջղախոտի, ձիաձետի, ուրցի, սամիթի խոտերը (3։3։2։2։1)։ Հումքի 3 ճ/գ-ն 2 ժամ թրմեք ջերմապահի մեջ 400 մլ եռջրով։ Քամեք, խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ։ Օգնում է հիպերտոնիայի սրացման դեպքում։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Սկսվող հիպերտոնիայի դեպքում. Խառնեք ուրցի, խնկածաղկի խոտերը, երիցուկի ծաղիկը (3։2։1)։ Հումքի 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ, անկախ ուտելուց։

  • 50 գրամ չոր ուրցի խոտին ավելացրեք 500 մլ զտված սառը ջուր, եռացրեք (5 րոպե կրակի վրա), թրմեք 30 րոպե, քամեք, ավելացրեք 200 մլ բռնչի սովորականի (Viburnum) հյութ եւ 150 գ մեղր։ Լավ խառնեք, լցրեք ապակե տարայի մեջ, կիպ փակեք։ Պահեք հով տեղում։ Խմեք 1 ճ/գ, խառնած 100 մլ ջրի հետ, օրը 2-3 անգամ։

Բրոնխիտի դեպքում. Խառնեք ուրցի, խնկածաղկի խոտերը, դաղձի տերեւը (4։1։1)։ Երեկոյան խառնուրդի 6 ճ/գ-ն լցրեք ջերմապահի մեջ, ավելացրեք 1 լ եռջուր, թրմեք 10 ժամ, բաժանեք մասերի, քամեք, խմեք օրվա ընթացքում։ Որպեսզի ժամանակի ընթացքում թուրմի օգտակարությունը չնվազի` 20 օրը մեկ խնկածաղիկը կամ դաղձը փոխարինեք մասուրի պտուղով, սրոհունդով։ Բուժումը երկարատեւ է։

Կատարակտի զարգացումը կանխարգելող միջոց. 5 ճ/գ ուրցի լավ մանրացրած թարմ տերեւները խառնեք 500 գ հեղուկ մեղրի հետ։ 10 օր պահեք մութ, հով տեղում։ Խմեք մեկական ճ/գ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։

Ստամոքսաբորբի ցածր թթվայնության դեպքում. 1 ճ/գ ուրցը թրմեք 20 րոպե 100 մլ եռջրով։ Քամեք։ Պարունակությունը լրիվ խմեք։ Ընդունեք սնունդ ընդունելուց հետո։

Խխահան, հակաբորբոքային միջոց հազի դեպքում. 1 ճ/գ չոր ուրցի խոտաբույսի վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 1 ժամ ջերմապահի մեջ, քամեք։ Ընդունեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ։

Նյարդացավի դեպքում. Խառնեք գայլուկի կոնը, առյուծագու եւ ուրցի խոտերը (2։2։1), 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ` տաք տեղում։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։

Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Հավասար քանակությամբ խառնեք ջղախոտի եւ ուրցի խոտերը։ Հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում , քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։

Թունավոր խպիպի դեպքում (երբ նկատելի է պարանոցի այտուցը)

  • 1ճ/գ չորացրած ուրցի խոտը (7-8գ) 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում կիպ փակված տարայի մեջ։ Քամեք, խմեք մեկական բաժակ, օրը 2-3 անգամ։ Արդյունքը պետք է նկատելի լինի 10-15 օրվա ընթացքում։ Ընդհանրապես ուրցը օգտակար է վահանաձեւ գեղձի ոչ բավարար ֆունկցիայի (հիպոտերիոզ) դեպքում։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Ջղակծկումներ, անքնություն, նևրոզ. Խառնեք ուրցի, մատիտեղ թռչնի, խուլ եղինջի խոտերը, 1 ճ/գ չոր խոտը 40 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ։ Քամեք, խմեք 2-ական ճ/գ, առավոտյան եւ ցերեկը, քնելուց 1-3 ժամ առաջ` 50 մլ (այլեւս ոչինչ չուտեք)։

Նյարդերը հանգստացնող միջոց. Խառնեք ուրցի, սրոհունդի խոտերը եւ հապալասի տերեւը (5։5։1), հումքի 1 ճ/գ-ն 5-7 րոպե եփեք 300 մլ եռջրում։ Բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում։

  • Խառնեք ուրցի, դաղձի, առյուծագու, խնկածաղկի խոտերը (1։1։2։3)։ 2 ճ/գ-ն 15 րոպե թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Ունի նաեւ խխահան, որդաթափ հատկություն։

Էկզեմայի դեպքում. Խառնեք 10-ական գրամ չորացրած եղինջի, խնկածաղկի, եռագույն մանուշակի եւ երիցուկի ծաղիկները, ուրցի եւ ձիաձետի խոտերը, մատուտակի արմատը եւ 15-ական գրամ կատվալեզվի եւ կատվախոտի արմատները։ Հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։

Մրսածության դեպքում.

  • Խառնեք մեկական թ/գ ուրցի խոտը եւ լոռամրգի հատապտուղը, 10-15 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Ողողեք կոկորդը օրվա ընթացքում։
  • Մանրացրեք եւ խառնեք սեւ թեյը, անիսոնի պտուղը, դաղձը, սրոհունդը, ուրցը, կատվախոտի արմատը (6։6։4։4։3։3)։ Հումքի 1 թ/գ-ն 10-15 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, երբ գոլանա` խառնեք 1 թ/գ մեղր։ Խմեք օրը 4-5 անգամ։

Հանգստացնող լոգանքներ. Խառնեք հավասար քանակությամբ դաղձի եւ կեչու տերեւները, սրոհունդի, ուրցի խոտերը, երիցուկի ծաղիկները, վարդի ծաղկաթերթերը։ Խառնուրդի 6 ճ/գ-ն 45 րոպե թրմեք 3 լ եռջրի մեջ։ Խառնեք լոգանքի ջրին։

Կամ` խառնեք մեկական ճ/գ կեչու եւ եղեսպակի տերեւները, խնկածաղկի եւ լորենու ծաղիկները, չորածաղկի եւ ուրցի խոտը, գայլուկի կոնը։ Եփեք 15 րոպե 3 լ եռջրի մեջ, թրմեք մեկ ժամ տաք տեղում, ավելացրեք լոգանքի ջրին, ջերմաստիճանը` 35-37։ Բուժման ժամկետը` 15-20 լոգանք` շաբաթը 2 անգամ, 5-15 րոպե տեւողությամբ։ Օգտակար է նաեւ սկսվող հիպերտոնիայի դեպքում։ Բարձր ճնշում ունեցողները պետք է խորհրդակցեն բժշկի հետ։

Ռադիկուլիտի դեպքում. Ուրցի խոտին ավելացրեք օղի (1։3), 24 ժամից շփեք ցավոտ հատվածը եւ քնեք։

Քորի դեպքում. 1 ճ/գ ուրցի խոտը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ։ Խմեք մեկական ճ/գ` օրը 3-4 անգամ։

Սնուցող դիմակ

Մանրացրեք եւ խառնեք 2 ճ/գ հազրեվարդի ծաղիկը, 1-ական թ/գ ռեհանի եւ դաղձի տերեւները, ուրցի խոտը։ Ավելացրեք 60 գ կաթի սերուցք, լավ տրորեք։ Քնելուց առաջ քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք տաք ջրով, մշակեք դեմքը գիշերային քսուքով։ Պիտանի է ամեն տեսակ մաշկի համար։

Լոսյոն. Խառնեք հավասար քանակությամբ գայլուկի կոն եւ ուրցի տերեւներ։ 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 250 մլ եռջրի մեջ, քամեք։ Մաքրեք դեմքը։ Պահեք սառնարանում 2 օր։

Դիմակ. Նույն թուրմին ավելացրեք վարսակի փաթիլներ այնքան, մինչեւ ստացվի շիլայատիպ զանգված, քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք տաք ջրով։

Մազաթափության դեպքում. 20 գրամ ուրցի չոր խոտը 15 րոպե եփեք 1 լ ջրի մեջ, թրմեք 20 րոպե։ Ներմերսեք գլխամաշկի մեջ եւ թուրմով ցայեք մազերը։

Մազարմատներն ամրացնող միջոց.

  • Խառնեք հավասար քանակությամբ ուրցի եւ եղինջի խոտերը, գայլուկի կոնը։ Խառնուրդի 20 գրամը եփեք եւ օգտագործեք վերը նշված ձեւով։
  • Խառնեք հավասար քանակությամբ ուրցի խոտը, ուռենու (լացող) եւ կաղնու ճյուղերի կեղեւը, 4 ճ/գ հումքը 15 րոպե եփեք 1 լ ջրի մեջ։ Քամեք, շփեք գլխի մաշկը։

2011թ., հուլիս
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս