«Ի՞նչ է իրականում քողարկված Սահմանադրության նոր նախագծի հոդվածներից մեկի՝ «կյանքից զրկելը չի համարվում խախտում» հոդվածի տակ»
«Այս պահին նոր Սահմանադրության ընդունման հասարակական պահանջարկ չի եղել: Նոր Սահմանադրության ընդունման հասարակական պահանջարկն արհեստականորեն է փորձում ձևավորվել: Իմ կարծիքով՝ մենք դրա կարիքն այս պահին չենք զգում, այսինքն՝ այն մարտահրավերները, որ կան մեր պետության մեջ, Սահմանադրությամբ չեն պայմանավորված: Հետևաբար՝ անհրաժեշտ է նախ՝ այդ մարտահրավերների հետ կապված հարցերը լուծել, նոր միայն անդրադառնալ սահմանադրական կարգի փոփոխությանը, եթե դրա կարիքը կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով Սահմանադրության նոր նախագծի՝ 1-7-րդ գլուխների նախնական տարբերակի մասին:
Նա նշեց, որ փորձել է համեմատել Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների գլխում առաջարկվող փոփոխությունները: «Ըստ էության՝ բոլոր հոդվածները, որոնք առկա են գործող Սահմանադրության մեջ, արտացոլված են նոր նախագծի մեջ: Բովանդակային առումով, իմ կարծիքով, փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ պահպանվել են գործող Սահմանադրության կամ Սահմանադրական դատարանի որոշումների մեջ առկա ձևակերպումները, պարզապես փոփոխվել են ձևակերպումները և տեղերը:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ պետք է հասարակությանը ներկայացվեր նախագծի հոդվածներից մեկի բովանդակությունը, որտեղ նշված է, որ «կյանքից զրկելը չի համարվում խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: «Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, թե ինչ են մտածել՝ այդ հոդվածը ներառելով, որովհետև հիմնականում հենց դա է փոխվել նախկինի հետ համեմատած: Նախկինում դա չի եղել: Տպավորությունն այնպիսին է, որ խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ պետական մարմինը, ընդունենք՝ Ոստիկանությունը, ֆիզիկական ուժ է կիրառում, և դրա կիրառման արդյունքում մարդ է մահանում, այդ դեպքում պատասխանատվություն չի առաջանում: Կարծես թե այդ հոդվածը սրա մասին է: Բայց թե իրականում ինչ է քողարկված դրա տակ, չեմ կարող ասել»: