Սալորը՝ օրգանիզմի համար հրաշալի պրոֆիլակտիկ միջոց

Սալորի մի քանի տեսակներ կան` կարմիր, դեղին, կապույտ, և այլն: Համեղ այս միրգը բուժիչ հատկանիշներով է օժտված: Սալորի հայրենիք է համարվում Կովկասը, Միջին Ասիան, Պարսկաստանը, Եգիպտոսը:

Սալորը օրգանիզմից հեռացնում է մաղձը` լեղին, և միզամուղ  հատկություն ունի: Մեր օրգանիզմը մաքրում է, հեռացնում է ավելորդ ջուրը և աղը:

Սալորը խորհուրդ է տրվում ուտել հատկապես գաստրիտ, ստամոքսի խոց և տասներկումատնյա աղիի հետ կապված հիվանդություն ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր սակավարյունությամբ են տառապում: Սալորը օրգանիզմի համար հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է:

Սալորը նաև խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն: Փորկապությունը շատ արագ թուլացնում է: Դրա համար նման խնդիրների դեպքում օրական (առավոտյան` սոված ստամոքսին և օրվա ընթացքում` չխառնելով այլ սննդի հետ) պետք է ուտել 10-12 սալոր: Թարմ սալորի քամած հյութը կարգավորում է ստամոքսի թթվայնությունը:
Սալորը օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը և վերացնում այտուցները: Սալորի մեջ ֆրուկտոզաներ և սախարոզաներ (բուսաշաքար) են պարունակվում: Հասած սալորի մեջ ավելի շատ հանքային նյութեր կան, քան խնձորի և տանձի մեջ:

Սալորը նաև մեծ քանակությամբ կալիում , ֆոսֆոր, նատրիում, կալցիում և պեկտին է պարունակում: Պեկտինն, ի դեպ, շատ կարևոր է հատկապես նյութափոխանակության կարգավորման համար, օրգանիզմում նվազեցնում է խոլեստերինի քանակությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, և ամենակարևորը, այն կենդանի օրգանիզմը լավագույնս մաքրում է վնասակար նյութերից:

Պեկտինն, ըստ մասնագետների, օրգանիզմի բնական սանիտարն է, որը մաքրում է ծանր մետաղների աղերը, քաղցկեղածին նյութերը:

B2 վիտամինի մեծ պարունակություն կա հատկապես սև սալորի մեջ. այս վիտամինն  անհրաժեշտ է հատկապես նյարդային համակարգի ամրացման, սպիտակուցային փոխանակման համար:
Նաև վիտամինl P է պարունակվում, որը նպաստում է արյան մանր անոթների անցանելիությանը, և իջեցնում է արյան ճնշումը:

Ապացուցված է, որ սալորը, մասնավորապես` սալորաչիրը օգնում է օրգանիզմից վնասակար խոլեստերինի հեռացմանը, այդ իսկ պատճառով այն օգտակար է հատկապես այն մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով, աթերոսկլերոզով (սրտանոթների կարծրացման հիվանդություն) և լեղապարկի, ռևմատիզմ հիվանդություններով:
Պետք է հիշել, որ սալորահյութը հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց:

Նորածին և փոքր տարիքի երեխաների մոտ սալորահյութը փորլուծություն և աղիներում` գազեր կարող է առաջացնել:

Սալորն իր մեջ պարունակվող վիտամինների միջոցով նաև պայքարում է անքնության, հոգնածության դեմ, երիտասարդացնող և հակաինֆեկցիոն հատկություն ունի: Պրովիտամին (նախավիտամին) A-ի շնորհիվ լավացնում է տեսողությունը, օրգանիզմը պաշտպանում է տարբեր վիրուսներից, մաշկը լավացնում-էլաստիկ է դարձնում:

K վիտամինի մեծ քանակության շնորհիվ սալորը նաև արյան բաղադրությունն է լավացնում, կանխում է տրոմբոզների առաջացումը:

Աշնանը կարող եք սալորով դիետա պահպանել` թեթև սննդակարգին (օրական` 1200 կկալորիա) միացնելով 200 գրամ թարմ սալոր: 10-15 օր այս դիետան պահելուց հետո ձեր օրգանիզմը կմաքրվի, մաշկը կլավանա և մի քանի կգ քաշ կգցեք:

Ժողովրդական բժշկության մեջ սալորը հաճախ է օգտագործվում: Մեծ քանակությամբ կալիում պարունակելու շնորհիվ հիպերտոնիայով և երիկամների հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում սալորի կոմպոտ խմել:

Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում առավոտյան` սոված ստամոքսին, առանց շաքարավազի թարմ սալորահյութ խմել:

Միզափամփուշտի քարերի դեպքում խորհուրդ է տրվում օրը 2-3 անգամ 1-2 թեյի գդալ սալորենու բուսախեժ ուտել:

Երիկամների քարերը ևս բուժում էին բուսախեժի օգնությամբ: 100 գրամ սալորենու բուսախեժը խառնել 1 լիտր սպիտակ գինու մեջ: Խեժն ամբողջությամբ պետք է լուծվի գինու մեջ: Ստացված լուծույթն օգտագործեք օրը 3-4 անգամ` ուտելուց կես ժամ առաջ և 50մլ չափով:

Գոտկատեղի ցավերի դեպքում սալորի 25 գրամ պոչերը փոշու պես մանրացրեք, վրան լցրեք 1 թեյի բաժակ (ոչ մեծ) օղի, պահեք 7 օր, ապա դրանով մերսեք ցավող հատվածները: Շատ օգտակար են նաև սալորի տերևները:

Թեև սալորի մեջ C վիտամին շատ չի պարունակվում, փոխարենն այդ վիտամինով և ֆիտոցիդներով հարուստ են սալորի տերևները:
Տերևներից և քացախից պատրաստված թուրմով մաքրում են հին թարախակալված վերքերը:

Տերևները նաև օգտագործում են վաղ մազաթափության դեպքում. 1 ճաշի գդալ մանրացված տերևները եռացնել 1 բաժակ եռջրով, 1 ժամ թողնել և քսել մազարմատներին:
Տերևներից պատրաստված թուրմով նաև ողողում են բերանի խոռոչը (ստոմատիտի` բերանաբորբի դեպքում). 20 գրամ չոր տերևները լցնել 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ, եռացնել ևս 15 րոպե, թողնել լավ սառչի և ողողել բերանը:

Լնդերի արյունահոսության դեպքում թարմ մանրացված տերևները պետք է լցնել չոր կարմիր գինու մեջ, 3 շաբաթ թրմել` ժամանակ առ ժամանակ խառնելով, ապա քամել և դրանով ողողել բերանը, լնդերը:
Սալորը նաև երկաթ, յոդ, ցինկ է պարունակում:
Ի դեպ, հնում սալորի ցողունի խեժը նաև օգտագործել են խոցի, կոնյուկտիվիդի բորբոքման և տեսողության լավացման համար:

Հասած սալորի մեջ սախարոզաների քանակն ավելանում է: Սալորի տարբեր տեսակներ պարունակում են 0,1-2,7 մգ/100գրամ կարոտին (նախավիտամին A): Դրանով հարուստ են հատկապես դեղին տեսակները:

Սալորը մանդարինից, նարնջից, տանձից, բալից և այլ մրգերից առանձնանում է վիտամին E-ի մեծ քանակությամբ: Իհարկե, այդ իմաստով զիջում է դեղձին և մասուրին: Իսկ վիտամին E-ն նաև երիտասարդության բնական աղբյուր է համարվում:

Առողջ եղեք:

ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«168 Ժամ», Բուժիչ նամակներ, 2010

Տեսանյութեր

Լրահոս