Կասեցվել է հանրապետության 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ:
Ստուգումների եռամսյակային ծրագրի շրջանակներում՝ Ծառայության պետի որոշմամբ, կասեցվել են Տավուշի մարզի երեք ՝ Խաշթառակի, Պտղավանի և Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի մարզի Մուսալեռ, Դալարիկ և Մյասնիկյան համայնքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գառնիի, Գողթի և Կամարիսի «Կակաչ» մանկապարտեզների խոհանոցների գործունեությունը: Նշված մանկապարտեզներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմաններին ներկայացվող պահանջների մի շարք խախտումներ, բացի այդ՝ մանկապարտեզներն ապահովված չեն եղել անխափան ջրամատակարարմամբ կամ հոսող ջրով:
Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել արձանագրված բոլոր խախտումները:
Ելնելով ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների բնույթից և գնահատված ռիսկերից՝ Ծառայության պետի կողմից հրավիրված խորհրդակցության ընթացքում հանրապետության բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական է տրվել՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով նաև սննդամթերքի մատակարարման գործընթացին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ժամանակավորապես կասեցվել է Արմավիր քաղաքի թիվ 9, թիվ 6, թիվ 1 և թիվ 11 նախակրթական հաստատությունների աշխատանքը և վերաբացվել միայն արձանագրված խախտումների վերացումից հետո: Շիրակի մարզում կասեցվել է Նոր Կյանք և Սպանդարյան համայնքների մանկապարտեզների, ինչպես նաև «Արևիկ» մանկապարտեզի գործունեությունը: Ժամանակավոր կասեցվել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ և Վայոց Ձորի մարզի Արփի համայնքների մանկապարտեզների գործունեությունը:
Ստուգումները հանրապետության մանկապարտեզներում շարունակվում են: