Բաժիններ՝

«Բոլոր քաղաքական ուժերը կլարեն իրենց ռեսուրսները և կկարողանան այնպես անել, որ լավագույններին տանեն ԱԺ». Կարինե Աճեմյան

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթի կարևորագույն դրույթը վերաբերում է կառավարման համակարգի մոդելի փոփոխությանը.

«Այս օրերին շատ իրարամերժ կարծիքներ են հնչում, ինքս էլ համաձայն եմ, որ կան դրույթներ, որոնք ավելի հստակ ձևակերպման կարիք ունեն, բայց պետք է հասկանանք, որ այս փոփոխության հիմնական մեխը կիսանախագահականից անցումն է խորհրդարանական համակարգին, ինչը նշանակում է, որ մեր կյանքում լինելու է գլոբալ փոփոխություն:

Սահմանադրության հրապարակված դրույթները հստակ ձևով ձևակերպում են այն մոտեցումները, որոնք պետք է փոխվեն, այսինքն՝ որոնք վերաբերում են ԱԺ-ին, կառավարությանը, նախագահի ինստիտուտին և դատական ատյաններին, որովհետև հիմնական փոփոխությունները վերաբերում են հենց սրանց:
Խորհրդարանական համակարգը մի մոդել է, որը շատ եվրոպական երկրներում է գործում: Այն համարում եմ չափազանց առաջադեմ և քաղաքակիրթ: Քննադատություն է հնչում, թե իբր ժողովրդին ընտրելու իրավունքից զրկում են:

Այո՛, ժողովուրդը մեկ ուղիղ ընտրությունների է մասնակցում, բայց դրանով մենք և՛ կառավարության պատասխանատվությունն ենք բարձրացնում, և՛ իրենց աշխատանքի նպատակաուղղվածությունը, նաև զերծ ենք պահում հասարակությանը ցնցումներից»:

Հարցին, թե արդյո՞ք ԱԺ-ում կա այն զանգվածը, որը կկարողանա ձևավորել կառավարություն և հետո պահանջատեր լինել, նա պատասխանեց.

«Իրականում, եթե հանրաքվեով ժողովուրդն «այո՛» ասի այս փաստաթղթին, մենք ժամանակ ունենք մինչև 2017թ. ընտրությունները, և կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը կլարեն իրենց ռեսուրսները և կկարողանան այնպես անել, որ լավագույններին տանեն ԱԺ: Երբ պառլամենտի պատասխանատվությունը մեծանում է, պետք է քաղաքական ուժերը մեծացնեն նաև իրենց պատասխանատվությունը, ինչի համար մեզ պետք է քաղաքական կամք և մեծ ցանկություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս