Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները շատ ջերմ են. Արգամ Աբրահամյան. news.am
Ես չեմ վախենում եւ չեմ զղջում քաղաքականություն մտնելու համար, ի դեպ՝ չեմ կարծում, որ Արտաշատի քաղաքապետ ընտրվելով՝ մեծ քաղաքականություն եմ մտել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշատի նորընտիր քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը: Կայքը ներկայացնում է նրա հետ մեր հարցազրույցը:
Պարոն Աբրահամյան, մի քանի օր է՝ արդեն Արտաշատի քաղաքապետն եք, հաջողվե՞լ է արդեն ինչ-որ բան փոխել քաղաքում:
Մտածել, որ մի քանի օրում հնարավոր է լուծել Արտաշատի առջեւ ծառացած խնդիրները, նայիվ կլիներ, բայց արդեն ունեմ գործողությունների հստակ պլան եւ ինտենսիվորեն աշխատում եմ պրոբլեմները լուծելու, քաղաքացիների կյանքը հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այո՛, մի քանի խնդիրներ արդեն լուծվել են եւ, ինչպես խոստացել էի, ֆեյսբուքյան իմ պատի օգնությամբ ներկայացնում եմ իմ բոլոր ձեռքբերումները:
Ի տարբերություն Ձեր նախորդների՝ Դուք ի՞նչ եք որոշել անել կամ չանել: Ի դեպ, ՀՀԿ-ին անդամագրվելու նպատակ ունե՞ք:
ՀՀԿ-ին անդամագրվելու հարց այս պահին իմ օրակարգում չկա: Կարծում եմ՝ հիմա ժամանակն է աշխատելու եւ սեփական խոստումներն իրականացնելու:
Կարծիք կա, որ Ձեր ընտրվելու եւ առհասարակ հաջողակ գործարար լինելու մեջ մեծ է Ձեր հոր ներդրումը: Դուք ի՞նչ եք կարծում՝ եթե Հովիկ Աբրահամյանի որդին չլինեիք, կկարողանայիք նման հաջողություների հասնել բիզնեսի ոլորտում կամ դառնայիք քաղաքապետ:
Այո՛, ես հաջողակ գործարար եմ եղել, քանզի կարողացել եմ ձեւավորել արդյունավետ աշխատող թիմ եւ այսօր, երբ այլեւս Արտաշատի քաղաքապետն եմ, իմ բիզնեսի կառավարումը հանձնել եմ այդ թիմին եւ չեմ զբաղվում բիզնեսով: Ինչ խոսք, իմ հաջողություններում, իհարկե, կան նաեւ հորս եւ ընտանիքիս մեծագույն աջակցությունն ու ներդրումը, բայց, ընդհանրապես, կարծում եմ ցանկացած հայ ընտանիքում հայրերը միշտ էլ իրենց խորհուրդներով եւ իրենց զավակների հանդեպ նվիրվածությամբ սատար են կանգնում նրանց եւ իմ դեպքում էլ բացառություն չէ:
Արտաշատի քաղաքապետի ընտրություններին Դուք մնացիք միայնակ, մյուս թեկնածունները հանեցին իրենց թեկնածությունը՝ հեշտացնելով Ձեր ընտրվելը, սա Ձեր համար վիրավորական չէ՞, ուժեղ մրցակցության դեպքում ընտրվելը ավելի պատվաբեր չէ՞:
Մեկ անգամ ես արդեն պատասխանել եմ, որ ո՛չ ես, ո՛չ հայրս որեւէ անգամ չենք փորձել ազատվել մրցակցությունից, եւ ես անկեղծորեն ցավում եմ, որ ընտրությունների ժամանակ մրցակից չունեի: Իհարկե, ես կցանկանայի մրցակցային պայմաններում ընտրվել Արտաշատի քաղաքապետ, բայց ասեմ , որ ես այսօր արդեն ունեմ մրցակիցներ՝ դրանք իմ առջեւ ծառացած խնդիրներն ու իմ քաղաքացիներին տված խոստումներ են, եւ ինձ համար վիրավորական կլինի, եթե ես չկարողանամ իրականացնել իմ ծրագրերը:
Շատ է շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը Ձեզ տանում է իր ճանապարհով, հաջորդ քայն էլ մարզպետ դարձնելն է: Դուք նման նկրտումնե՞ր ունեք: Ամեն դեպքում, լինելով հաջողակա գործարար՝ ինչի՞ եք որոշել մտնել պետական համակարգ, երբ Ձեր ընտանիքից պետական պաշտոններ զբաղեցնող անձինք կան եւ հավանաբար տեսած կլինեք, թե դա ինչ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է:
Այսօր խոսել այն մասին, թե ես ինչ պաշտոններ եմ զբաղեցնելու ապագայում, ժամանակավրեպ է, քանզի այսօր ես աշխատում եմ մեկ հստակ օրակարգով՝ պարկեշտ եւ պատասխանատու կատարել Արտաշատի քաղաքապետի պարտականությունները: Այո՛ պետական պաշտոն զբաղեցնելը ծանր եւ պատասխանատու աշխատանք է եւ մանկությունից ամեն օր տեսել եմ, թե ինչպես է հայրս ողջ օրն աշխատում եւ, նաեւ, նրա աշխատասիրությունն ու պետությանը ծառայելու ձգտումն է ինձ դաստիարակել եւ ուղղություն տվել ինչ որ պահի մտնելու պետական ապարատ եւ շարունակել ծառայել սեփական պետությանը: Ես հասկանում եմ, որ շատերն իմ այս խոսքերը կարող են ընկալել հերթական, բայց ես իսկապես ցանկանում եմ մասնակիցը լինել մեր բոլորի պետության ապագայի կառուցման աշխատանքներին:
Հետաքրքիր է իմանալ նաեւ, թե ինչպես են Ձեր հարաբերությունները Ձեր աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Նա եւս հաջողակ գործարար է, որոշեց մտնել քաղաքականություն եւ տեսաք՝ ինչ եղավ, դա Ձեզ չի՞ վախեցնում եւ չե՞ք զղջում քաղաքականություն մտնելու համար:
Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները շատ ջերմ են, այնպիսին, ինչպիսին բոլոր հայկական ընտանքիներում, այնպես, ինչպես ցանկացած հայ փեսայի եւ աներոջ փոխհարաբերությունները: Այո՛, նա հաջողակ գործարար է եւ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու որոշումն իրենն է, եւ ես այստեղ ուղղակի կարող եմ հարգել նրա որոշումը: Ես չեմ վախենում եւ չեմ զղջում քաղաքականություն մտնելու համար: Ի դեպ՝ չեմ կարծում, որ Արտաշատի քաղաքապետ ընտրվելով՝ մեծ քաղաքականություն եմ մտել:
Դուք հետաքրքիր իրավիճակում եք: Ձեր հայրը ՀՀԿ-ի առանցքային դեմքերից է եւ երկրի վարչապետը, իսկ Ձեր աները ընդդիմության առաջնորդի դերում էր հայտնվել: Այդ ժամանակահատվածում ինչպիսի՞ն էին ձեր հայացքները: Ձեզ ավելի հարազատ էր ՀՀԿ-ի դիրքորոշո՞ւմը, թե՞ ԲՀԿ-ինը, տանը կոնֆլիկտներ չէ՞ր լինում «այդ հողի» վրա
Պատասխանեմ կարճ: Քաղաքականությունը երբեք չի մտել մեր տուն: Աշխատանքն ու քաղաքականությունը հայրս միշտ թողել է դրսում եւ մտնելով տուն՝ նա դադարել է լինել քաղաքական գործիչ, ԱԺ նախագահ, վարչապետ եւ այլն :
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: