Ուկրաինացի միլիոնատեր Կոլոմոյսկին մտադիր է դատի տալ Սաակաշվիլիին
Ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին որոշել է դատի տալ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին, հայտնում է РБК-Ուկրաինան:
Այս մասին Կոլոմոյսկին հայտնել է լրագրողներին: «Օրինակ՝ ես պատրաստվում եմ դատի տալ Սաակաշվիլիին, քանի որ նա ասել է, որ նյութեր ունի մաքսանենգությանն իմ առնչության վերաբերյալ: Դա լուրջ մեղադրանք է»,-հայտարարել է Կոլոմոյսկին:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Սաակաշվիլին 1+1 հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Կոլոմոյսկին առնչություն ունի Օդեսայի նավահանգստում մաքսանենգության կազմակերպմանը:
«Ես շատ ապացույցներ ունեմ, ու այդ պատճառով նա (Կոլոմոյսկին) անհանգստանում է: Նա հիանալի գիտի, որ ինձ չի կարելի գնել ու ինձ չի կարելի վախեցնել»,-ասել էր Սաակաշվիլին՝ խոստանալով, որ կներկայացնի «բոլոր ապացույցները»: