
Շնաձկան հարձակումից հետո հրաշքով ողջ մնացած սերֆերը կշարունակի իր կարիերան

Սերֆինգի աշխարհի եռակի չեմպիոն ավստրալացի Միք Ֆեննինգը, որը շնաձկան հարձակման էր ենթարկվել ՀԱՀ-ում J-Bay Open մրցաշարի ժամանակ, հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել իր մարզական կարիերան:
Հիշեցնենք, որ անցած կիրակի շնաձուկը հարձակվել էր Ֆեննինգի վրա թիկունքից, երբ նա պատրաստվում էր սկսել իր ելույթը:
Սակայն սերֆերը հրաշքվ չէր տուժել ու հաջողությամբ կարողացել էր պայքարել գիշատչի դեմ, մինչ օգնության կհասնեին փրկարարները:
Շնաձկան հարձակման տեսանյութը դարձել էր ինտերնետ-սենսացիա, YouTube-ում այն նայել էին ավելի քան 16,5 մլն անգամ:
«Շնաձկան հարձակումից ողջ մնալ առանց որևէ քերծվածքի, իսկական հրաշք է: Սերֆինգն ինձ ու իմ ընտանիքին շատ բան է տվել: Այն օգնել է ինձ հաղթահարելու կյանքի դժվար փուլերը, այնպես որ սերֆինգից հրաժարվելը ճիշտ չէր լինի»,-ասել է Ֆեննինգը Ավստրալիա վերադառնալուց հետո:
Մարզիկը նաև հայտարարել է, որ հաջորդ տարի նորից պատրաստ է մասնակցել J-Bay Open մրցաշարին: