Ադրբեջանցիները լողալով պատահաբար Վրաստանից հասել են Հայաստան
Հայ սահմանապահները նախօրեին ձերբակալել են Մառնեուլի շրջանի երկու բնակիչների(Արևելյան Վրաստան, Քվեմո Քարթլիի շրջան), ովքեր անօրինական կերպով հատել էին վրաց-հայկական սահմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի սահմանային ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Լաշա Բաբիլոձեին:
Վրաստանի քաղաքացիներ Շահին ու Նադիկ Բեդիևները ձկնորսություն են արել Դեբեդ գետում, որը բաժանում է Հայաստանն ու Վրաստանը: Ձկնորսության ժամանակ տղամարդիկ լողացել էին գետում ու հայտնվել հայկական կողմում, հայտնել են մամլո ծառայությունից:
«Սադախլո հսկիչ-անցումային հատվածում հայ սահմանապահները Հայաստանի տարածքում ձերբակալել էին Վրաստանի երկու քաղաքացու, ովքեր Դեբեդ գետով լողալով հասել էին Հայաստան»,-հայտնել է Բաբիլոձեն:
Վրաստանի քաղաքացիներին ազատել են նույնն օրը ու փոխանցել վրացական կողմին: