«Առանց համատեղ կոորդինացված աշխատանքի մենք Ուկրաինայում չէինք հասնի այն ազդեցությանն ու հարգանքին, որն ունենք այսօր». Ուկրաինայի հայկական համայնքների ղեկավարներ
Մենք՝ ի դեմս Կիևի հայկական համայնքի և ստորև նշված Ուկրաինայի հայկական համայնքների ղեկավարների, զարմանքով կարդացինք հայկական ԶԼՄ-ների կողմնակալ նյութերը, որոնք վերաբերվում էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը, և որոնք անուղղակիորեն ստվեր են նետում տեղի հայկական կազմակերպությունների վրա։
Անմիջապես ցանկանում ենք նշել, որ հայերն արդեն հազար տարուց ավելի է, ինչ ապրում են ուկրաինական հյուրընկալ հողի վրա, և այդ ժամանակահատվածում մենք եղել և մնում ենք ուկրաինական հասարակության արժանի և հարգված անդամներ։
Ուկրաինայի հայերը յուրահատուկ և անփոխարինելի ավանդ են ներդրել եղբայրական ուկրաինական ազգի պատմության և մշակույթի մեջ, իսկ ուկրաինացիները միշտ պատասխանել են փոխադարձաբար։
Այժմ Ուկրաինան գտնվում է քաղաքա-տնտեսական ծանր վիճակում, և հայկական համայնքները ստիպված են տանել աշխատանքներ՝ ուղղված հայության պահպանմանը և մտահղացումների իրականացմանը ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում։
Այս ամենի հետ մեկտեղ մենք ցանկանում ենք պատասխանատվությամբ հայտարարել, որ առանց Ուկրաինայում ՀՀ դեսպանատան և հայկական համայնքների կոորդինացված աշխատանքի մենք Ուկրաինայում չէինք հասնի այն ազդեցությանն ու հարգանքին, որն ունենք այսօր։
Չենք կարող չնշել այն հսկայական աշխատանքի մասին, որն անձամբ Անդրանիկ Մանուկյանն է տարել և տանում Ուկրաինայում։ Շնորհիվ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազգանվեր գործունեության և ակտիվ դիրքի՝ մեզ՝ Ուկրաինայի էթնիկ հայերիս, հաջողվեց հաղթահարել որոշ սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Եվ հենց այդ պատճառով անընդունելի և վիրավորական ենք համարում որոշ անազնիվ ԶԼՄ-ների այն փորձերը, որոնք սևացնում կամ ստվեր են նետում դեսպանի աշխատանքի վրա։
Անմիջապես ցանկանում ենք նշել նաև, որ մեր բաց նամակը բացառապես Կիևի հայկական համայնքի, ինչպես նաև Ուկրաինայի ստորև նշված հայկական համայնքների նախաձեռնությունն է։ Ո՛չ դեսպանատունը և ո՛չ էլ դեսպան Ա. Մանուկյանը կապ չունեն սույն նամակի հետ։ Մենք գիտակցում ենք, որ հայերի բարգավաճման և զարգացման գրավականը միշտ եղել և մնում է միայն միավորման սկզբունքը։ Ուկրաինայում հայկական համայնքների բոլոր ձեռքբերումները համատեղ և կոորդինացված աշխատանքի արդյունքն են` անձամբ դեսպան Մանուկյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ։
Հարգանքներով՝
Կիևի հայկական համայնքի նախագահ՝ Գևորգյան Ն. Տ.
Լուգանսկի մարզի հայկական համայնքի ղեկավար` Անդրեասյան Ա. Հ.
Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Դոնեցկի մարզում` Մակարյան Ռ. Մ.
Օդեսայի հայկական համայնքի նախագահ` Տիգրանյան Ս. Լ.
Վիննիցայի հայկական համայնքի ղեկավար՝ Եգոյան Ս. Ս.
Վոլինսկի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Անտոնյան Ն. Ա
Լվովի հայկական համայնքի նախագահ՝ Քոչարյան Ն.Լ.
Ռովենսկի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Թաթոսյան Վ. Վ.
Տերնոպոլի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Գևորգյան Մ. Գ.
Խմելնիցկի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Ավագյան Ս. Հ.
Չերնովցիի հայկական համայնքի ղեկավար՝ Դավիդովիչ Վ. Ա.
Զապորոժիեի մարզի հայերի միության նախագահ՝ Պավլով Մ. Ի
Խարկովի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Հովհաննիսյան Ա. Վ.
Կիրովոգրադի հայկական համայնքի ղեկավար՝ Խաչատրյան Տ. Ս.
Խերսոնի մարզի հայկական համայնքի նախագահ` Մկրտչյան Տ. Ս.
Հարգանքներով՝
Կիևի հայկական համայնքի նախագահ՝ Գևորգյան Ն.