ԶԼՄ-ները հայտնում են НТВ-ի ղեկավարի փոփոխության մասին
НТВ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը կլքի իր պաշտոնը, պնդում են ռուսական ԶԼՄ-ների աղբյուրները: Կուլիստիկովի հեռանալու մասին միաժամանակ հայտնել են «Կոմերսանտն» ու «Վեդոմոստին»:
Երկու պարբերականներն էլ հղում են կատարում խոշոր հեռուստաալիքներում ու «Գազպրոմ-մեդիայում» (որի մեջ մտնում է НТВ-ն) իրենց անանուն աղբյուրներին: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կուլիստիկովի պաշտոնից հեռանալու հնարավոր պատճառներ են նշվում հեռուստաալիքի ֆինանսական խնդիրները: Վերջին տարիներին հեռուստաալիքը կորցնում է լսարանը, իսկ գովազդատուները՝ հետաքրքրությունը НТВ-ի նկատմամբ: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ալիքը վաճառել է 30%-ով ավելի քիչ գովազդ, քան 1 տարի առաջ:
Հեռուստաալիքի մամլո ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել նրա հեռանալու մասին տեղեկությունը: Կուլիստիկովը ևս չի ցանկացել խոսել այդ մասին: «Գազպրոմ-մեդիայում» հայտարարել են, թե ոչինչ չգիտեն նրա հեռանալու մասին:
НТВ-ում նրա հնարավոր իրավահաջորդի անունը դեռ չի հրապարակվում: Կուլիստիկովը НТВ-ն գլխավորում է 2004 թվականից: