«Չեմ բացառում, որ համանախագահները Մադրիդյան սկզբունքների հիման վրա նոր փաստաթուղթ առաջարկեն, թեև վերանայումների կարիք կա». Արմեն Մելիքյան

168.am-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, վերլուծաբան Արման Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների նոր ակտիվ փուլ են փորձում նախաձեռնել` կազմակերպելով Ալիև-Սարգսյան հերթական հանդիպումը: Համանախագահների ելույթներում, խոսքը հատկապես Ջեյմս Ուորլիքի մասին է, նշմարվում են Մադրիդյան սկզբունքները, որոնց մասին կարծես վերջերս չէին էլ հիշում: Ի՞նչ առաջընթաց է, ըստ Ձեզ, խոստանում համանախագահների գործունեության այս շրջափուլը` հաշվի առնելով նրանց վերջին հայտարարությունները:

– Հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահների կողմից հնչեցվող ձևակերպումները երբևէ չեն հակասել Մադրիդյան սկզբունքների հիմնադրույթներին, և այդ առումով դեսպան Ուորլիքի ասածները բացառություն չեն կազմում: Համանախագահների համար Մադրիդյան սկզբունքները մնում են՝ որպես խաղաղ կարգավորման առայժմ միակ իրատեսական բանալի:

Ես հստակ տեսնում եմ այն խոչընդոտները, որոնք անհնար են դարձնում այդ սկզբունքների կիրառման միջոցով տևական և կայուն խաղաղության հասնելու հեռանկարը: Անհրաժեշտ են որոշ մոտեցումների վերանայումներ ու, նաև, պետք է մի շարք էական բացեր լրացվեն՝ այդ դեպքում գուցե հնարավոր կլինի իրատեսական հիմքերի վրա դնել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

-Հնարավո՞ր է` համանախագահները Մադրիդյան փաստաթղթի որոշ սկզբունքներով նոր փաստաթուղթ առաջարկեն հակամարտող երկրների նախագահներին կազմակերպվելիք հանդիպման ժամանակ:

– Չէի բացառի նման հնարավորությունը, թեև գտնում եմ, որ արդյունավետ վերանայումների ու լրացումների համար դեռ լուրջ աշխատանք է անհրաժեշտ կատարել, իսկ դրա համար ժամանակ է պետք և թարմ գաղափարներ:

– Իրան-«Վեցյակ» համաձայնությունից հետո շատ է քննարկվում տարածաշրջանում Իրանի կայունացնող դերակատարությունը և մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Որքանո՞վ են Իրանի մասնակցության մասին խոսակցություններն իրատեսական, և, ըստ Ձեզ՝ ի՞նչ կփոխի Իրանը, ինչպե՞ս Իրանի մասնակցությունը բանակցային գործընթացին կանդրադառնա հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

– Իրանի անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին, գոնե ներկա փուլում, քիչ հավանական եմ համարում: Իրանը երբևէ անտարբեր չի եղել այս հարցում, սակայն մշտապես կարողացել է դրսևորել իր բարյացակամ պաշտոնական չեզոքությունն այնպես, որ հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված կողմերը մշտապես զգան իրենց հզոր հարավային հարևանի ուշադիր և հետևողական վերաբերմունքը: Իրանը մշտապես հանդես է եկել հակամարտության գոտում երրորդ պետությունների ռազմական ներկայության դեմ:

Տեսանյութեր

Լրահոս