«Իշխանության ներկայացուցիչները հիասթափվեցին ընդդիմությունից, դրա համար էլ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին». Խոսրով Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ այս նոր սահմանադրության տեքստում իրավունքն ավելի գերակա է դարձել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե այս նոր սահմանադրությամբ՝ ամենակարևոր իրավունքը՝ ընտրելու իրավունքը, սահմանափակվել է՝ Խ. Հարությունյանն ասաց, որ իրավունքի հիմքը արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն է, իսկ ըստ նրա՝ այս սահմանադրության նախագիծը դա աներկբա արձանագրում է:

Խ. Հարությունյանը նկատեց, որ Սահմանադրությունն ընդամենը թուղթ է, և այն ոչինչ չի կարող անել, եթե այդ գրածը կյանքի կոչելու կամք, ցանկություն, համակարգեր չգործեն, բայց նրա կարծիքով՝ եթե չգրվի ոչ մի բան ընդհանրապես, ոչինչ չի կարող կյանքի կոչվել:
Խ. Հարությունյանը նաև համոզված է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու հանրային պահանջ կար, և նրա խոսքով՝ այդ պահանջը արտահայտողները հիմնականում ընդդիմադիր քաղաքական ուժերն էին.

«Այն, որ պետք էր ամեն ինչ անել, որ անձնավորված քաղաքական մշակույթը չլինի, ամեն ինչ արվել է: Փորձ է արվում պատասխանել այն հարցադրումներին, որոնք հիմնականում հնչեցվում էին ընդդիմության կողմից, իսկ թե որքանո՞վ է Սահմանադրությունը բացառում իշխանության վերարտադրության հնարավորությունը, դա ժամանակը ցույց կտա»:

Հարցին՝ ինչո՞ւ են հիմա իշխանությունները գնում սահմանադրական փոփոխություններին, Խ. Հարությունյանը պատասխանեց, որ դա կոռեկտ հարցադրում չէ.

«Իշխանությունները չեն գնում, այլ արձագանքում են ընդդիմության պահանջին: Իշխանությունները համոզված էին, որ այս քայլով ընդդիմության հետ կառուցողական համագործակցության դաշտ են ստեղծում: Նպատակը սա էր, ցավոք սրտի, իշխանության ներկայացուցիչները հիասթափվեցին, քանի որ հիմա ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այն թեզերը, որոնք իրենք էին ներկայացնում»:

Տեսանյութեր

Լրահոս