«Ստերլիգովը Չեբուրաշկա է, կոկորդիլոս Գենա. Արցախում նրա գործողությունները Մոսկվայի հետ համաձայնեցված չեն». Ալեքսանդր Դուգին
«Ստերլիգովի գործողությունները Ղարաբաղում Մոսկվայի հետ համաձայնեցված չեն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը` անդրադառնալով ռուսաստանցի ֆերմեր, գործարար, ազգայնական աղմկահարույց գործիչ Գերման Ստերլիգովի ԼՂ-ում հաստատվելու փաստին և ԼՂ-ն զարգացնելու անակնկալ մտադրություններին:
Ի դեպ, Ռուսաստանից ներգաղթյալներին արտաքսելու գաղափարը տարիներ շարունակ գովազդող ազգայնական Գերման Ստերլիգովը, շուրջ 10 օր է, հաստատվել է Ղարաբաղում և Շուշիում հայտարարել, թե ինքը որևէ առնչություն չունի ազգայնականություն դավանող կազմակերպությունների՝ մասնավորապես «Բոռն»-ի հետ, որի հետ գործարքների համար, ըստ ռուսական մամուլի, նա հետապնդումների է ենթարկվել Մոսկվայում և որոշել մեկնել Ղարաբաղ: Այնինչ ինքը` Ստերլիգովը, պնդում է, որ չի փախչում արդարադատությունից, այլ ցանկանում է զարգացնել Ղարաբաղը և Սլոբոդա ստեղծել Արցախում: Ազգայնական Ստերլիգովի հաստատումը Ղարաբաղում անհանգստացնում է փորձագիտական շրջանակներին, և տեսակետներ են շրջանառվում, թե Ստերլիգովը Ղարաբաղում «Ղրիմ 2»-ի հիմքերն է գցում:
Ալեքսանդր Դուգինը, ում ռուսական իմպերիալիստական, հավակնոտ գաղափարները մեծամասամբ համընկնում են Ստերլիգովի գաղափարներին, փորձեց բացատրել Ստերլիգովի գործողություններն ու դրանց նպատակն Արցախում: Ըստ Դուգինի` Ստերլիգովը փայլուն, արտառոց, սրամիտ անհատականություն է, չափազանց արտասովոր: Սակայն, Դուգինի հավաստիացմամբ, ռուսաստանյան քաղաքական շրջանակների հետ նա կապ չունի այսօր: Ուստի, ռուսաստանցի փորձագետի համոզմամբ, այն, ինչ անում է Գերման Ստերլիգովը Ղարաբաղում, անում է՝ ելնելով իր սեփական առանձնահատուկ մտադրություններից, ցանկություններից, որոնք բնորոշ են միայն նրան ու անկանխատեսելի են:
«Նրա քայլերի ետևում չպետք է քաղաքական իմաստ, պատճառ ու նպատակ փնտրել: Իմ կարծիքով՝ նրա գործողությունները`մեկնումը Ղարաբաղ, ապա՝ վերադարձը Մոսկվա, անտառներում անհետանալը, սգո ծառայությունների հերթական բյուրոյի բացումը, ունեն միայն ինդիվիդուալ բացատրություն և ոչ քաղաքական: Նա այդպես է ապրում»,- պարզաբանեց Ալեքսանդր Դուգինը:
Վերջինիս խոսքով՝ նույնիսկ Ղարաբաղում Սլոբոդա, այսինքն` համայնքային ֆերմերական տնտեսություն ստեղծելու նրա ցանկությունն այս ամբողջ տրամաբանության մի մասն է. Սլոբոդան ինքնիշխան համայնք է, ու նման համայնքի ստեղծումն իրենից ենթադրում է վերադարձ սլավոն նախնիների մշակույթին:
«Նա վաղուց է աշխատում այս ուղղությամբ:
Թե ինչո՞ւ է որոշել դա անել Լեռնային Ղարաբաղում՝ ես գաղափար չունեմ, քանի որ այնտեղ բոլորովին այլ գյուղատնտեսական օրենքներ են, ավանդույթներ: Անբացատրելի է այս ամենը, որովհետև նա ինքնին անբացատրելի մարդ է: Նա նման գաղափարներով շատ է ճանապարհորդել, նա ծայրահեղ արտառոց, հմայիչ, տարօրինակ մարդ է, ում քայլերն անբացատրելի են, բայցև՝ ոչ քաղաքական»,- նկատեց Դուգինը:
Ռուսաստանցի վերլուծաբանը ծանոթ է նաև տեսակետներին, թե Ստերլիգովը Ղարաբաղում է՝ «Ղրիմ 2» ծրագիր իրականացնելու նպատակով:
«Այն, ինչ շրջանառվում է Ստերլիգովի անվան շուրջ, անկեղծորեն սուտ է: Նման կասկածներ միայն շատ հիմար մարդկանց մոտ կարող են առաջանալ, այնինչ ես համարում եմ, որ հայերը խելացի, ինտելեկտուալ մարդիկ են: Եթե մարդիկ լուրջ կերպով նման հարց են քնարկում՝ ծիծաղելի է նույնիսկ դրա իրավացիությանը հավատալ:
Արտառոց Ստերլիգովն ինչ-որ տեղ է գնացել, ողջ Հայաստանն անհանգստացել է: Ստերլիգովը Չեբուրաշկա է, կոկորդիլոս Գենա և մուլտֆիլմի հերոս, նա զվարճալի է, հետաքրքիր, ինչպես Կիրկորովը, ով համերգների է մեկնում, որպեսզի այս կամ այն քաղաքում զբոսնի: Այս ամենը կապ չունի քաղաքականության և միջազգային հարաբերությունների հետ, հայ-ռուսական հարաբերությունների հետ: Հետևաբար՝ զարմանում եմ, որ կան իրականության զգացումը կորցրած գնահատականներ:
Պարզապես հաճելի, զվարճալի, ծիծաղելի մարդ է, ավանդապաշտ, հետմոդեռնիստ: Նրա անցյալում մի շարք արտառոց քայլեր կան, ինչպես հին տոմարով Նոր տարին շնորհավորելն ու «Ստերլիգովն ու ընկերները» անվամբ դագաղագործների ընկերություն ստեղծելը: Սա ռուսական հետմոդեռնիստական մշակույթի արտացոլումն է, որին ես նորմալ եմ վերաբերվում և խորհուրդ կտամ հայաբնակներին ևս՝ այդպես վարվել»,- ասաց նա: