«Իկեր Կասիլիասին չեն խնդրել հեռանալ, դա իր ցանկությունն է եղել». Ֆլորենտինո Պերես
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում էր, որպեսզի Իկեր Կասիլիասը կարիերան ավարտեր Թագավորական ակումբում:
«Իկերը թողնում է մեզ, որովհետև դա իր ցանկությունն է եղել: Ոչ ոք «Ռեալում» չի խնդրել նրան լքել ակումբը: Նա առաջարկ էր ստացել և խնդրել էր մեզ, որ հարգենք իր ընտրությունը: Ես հասկանում եմ, որ Իկերն ուզում է նոր փուլ սկսել կարիերայում: Ես ուզում էի, որ նա ավարտեր կարիերան «Ռեալում», բայց հասկանում եմ նրա ընտրությունը:
Երկրպագուները նրան համարում են ակումբի պատմության մեջ ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը: Բայց նա ցանկացավ հեռանալ` առանց ավելորդ խանդավառության:
Տվյալ իրավիճակի քննադատությո՞ւն: Ես սովոր եմ քննադատության: Ես Իկերի համար ցանկանում էի կազմակերպել իսկական հրաժեշտ և խնդրել էի նրան այդ մասին: Ես լավ հարաբերություններ ունեմ Կասիլիասի հետ: Մենք երբեք պրոբլեմներ չենք ունեցել: Իսկ նրա վարվելաձևն օրինակելի էր»,- ցիտում է Պերեսին Marca-ն:
«Ռեալի» նախագահը հայտնել է նաև, որ մադրիդցիները պլանավորում են Կասիլիասի հրաժեշտի խաղի մասին պայմանավորվել «Պորտուի» հետ, որը կարող է տեղի ունենալ օգոստոսի 12-ին:
Կասիլիասը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 1998-ից, և անցկացրել է այնտեղ ավելի քան 500 խաղ: Թագավորական ակումբի հետ Կասիլիասը 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը