
Նաիրիտցիները բողոքի ակցիան կշարունակեն վաղը

Նաիրիտցիների մի խումբ գործարանի մոտ դեռ սպասում է դրա տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանին, ով այսօր Բագրատունյաց պողոտան փակած աշխատակիցներին տեղեկացրել էր, թե որոշ հարցեր ճշտելու նպատակով գնում է Էներգետիկայի նախարարություն: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գործարանի աշխատակիցները վրդովվել էին Ռ.Սաղաթելյանի հայտարարություն-պահանջից, թե պետք է ստորագրեն աշխատավարձի ուշացման տույժերից ու տուգանքներից (յուրաքանչյուր օրվա համար 0.15%) հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն հաջորդ օրը կամ առավելագույնը 2-3 օրվա ընթացքում նաիրիտցիներին կվճարվի կուտակված աշխատավարձի ամբողջ պարտքը։ Հակառակ դեպքում, ինչպես ասել է Սաղաթելյանը, նաիրիտցիները ոչինչ չեն ստանա։
Նաիրիտցիներից Արմեն Դեմիրճյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով, ՀՀ կառավարության խոստացած գումարը՝ աշատավարձի ամբողջ պարտքը փակելու համար, չկա և Սաղաթելյանին կարգադրվել է ժամանակ ձգել: Նրա խոսքով՝ նաիրիտցիները համաձայն են առաջադրված պայմանին, բայց միևնույնն է՝ գումար չկա: Մեր դիտարկմանը, որ եթե մինչ այս ժամը Սաղաթելյանը չի վերադարձել նախարարությունից, ապա գուցե ուղղակի տուն է գնացել, Ա. Դեմիրճյանը չբացառեց ու նշեց, որ դա էլ է հնարավոր:
Ըստ նրա՝ վաղը ժամը 11:00-ին նաիրիտցիները կրկին կհավաքվեն գործարանի մոտ, իսկ հուլիսի 16-ին՝ ՀՀ կառավարության շենքի մոտ: