Ինչու են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փակել փողոցը
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշ ժամանակով փակել էին գործարան տանող Բագրատունյաց փողոցը: Նրանք վրդովվել էին գործարանի ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանի հայտարարություն-պահանջից: Նրա հրավերով նաիրիտցիների համակարգող խումբը ներկա է եղել տնօրենի գրասենյակում անցկացվող քննարկմանը, որի ժամանակ վերջինս պահանջել է ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից ու տուգանքներից (յուրաքանչյուր օրվա համար 0.15%) հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն հաջորդ օրը կամ առավելագույնը 2-3 օրվա ընթացքում նաիրիտցիներին կվճարվի կուտակված աշխատավարձի ամբողջ պարտքը։
Հակառակ դեպքում, ինչպես ասել է Սաղաթելյանը, նաիրիտցիները ոչինչ չեն ստանա։ Նաիրիտցիները, բնականաբար, չեն համաձայնել ու պահանջել են իրենց խոստացված պարտքի մարում:
Նաիրիտցիներից Արմեն Դեմիրճյանը 168.am-ին հայտնեց, որ այժմ բացել են ճանապարհը և սպասում են Սաղաթելյանին, ով գնացել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Ըստ նրա՝ կախված Սաղաթելյանի պատասխանից, նաիրիտցիները կորոշեն իրենց հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ վաղը ժամը 11:00-ին կրկին կհավաքվեն գործարանի մոտ, իսկ հուլիսի 16-ին՝ ՀՀ կառավարության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր նաիրիտցիների պատվիրակությանը և հայտարարել, թե «ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար»:
Զարմանալի է, թե ինչո՞ւ է նման պահանջ նաիրիտցիներին առաջադրվում խոստացված վերջնաժամկետից 1 օր առաջ: Ըստ ամենայնի՝ փորձ է արվում կրկին հետաձգել գումարի վճարումը՝ մեղքը գցելով հենց նաիրիտցիների վրա: Ընդ որում՝ բանվորները նախապես համաձայնել էին հրաժարվել տույժերից՝ պայմանովր, որ գործարանն աշխատի: