ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում որևէ առաջընթաց չկա. Իլհամ Ալիև
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում ոչ մի առաջընթաց չկա, ընթացիկ տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նախարարների կաբինետի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ալիևն իր խոսքում մեղադրել է Հայաստանին, որ վերջինս «բոյկոտում է բանակցային պրոցեսն ու աշխատում է առավելագույնս ձգձգել հարցի լուծումը»:
Ալիևը իրեն հատուկ ոճով նկատել է, թե «Հայաստանը գտնվում է խորը քաղաքական, բարոյական, հոգեբանական ու ֆինանսական ճգնաժամի մեջ: Երկիրը չունի ոչ մի ռեսուրս: Տնտեսությունը փլուզվել է, չկա արդյունաբերություն, մարդիկ արտագաղթում են»:
Ադրբեջանի նախագահը ասել է, թե Հայաստանը «արտաքին ֆինանսական, ռազմական ու քաղաքական աջակցությամբ» է իր տրամադրության տակ պահում «օկուպացված» հողերը:
Ալիևը դարձյալ հայտարարել է, թե «կգա օրը ու Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջականությունը»:
«Հայաստանում կրիմինալ դիկտատուրայի ռեժիմը ճնշում է իր ժողովրդին, խունտան հարստանում է ժողովրդի հաշվին: Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում ոչ մի առաջընթաց չկա»,-ասել է Ադրբեջանի նախագահը: