Բաժիններ՝

«Պետք է թողնեն ընտրության հնարավորություն. հարստացնեն որոշակի քանակությամբ ալյուր, այլ ոչ ամբողջը». Կարինե Դանիելյան

Երևանում անցկացված բժիշկների միջազգային համաժողովում ֆոլաթթվով ալյուրի հարստացման թեմայի քննարկմանը մասնակցած «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկման ժամանակ ԵՊԲՀ գենետիկայի ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանի առաջարկը՝ ստեղծել մասնագետների խումբ, որը կուսումնասիրի բոլոր տվյալները, ճիշտ էր, քանի որ շատ-շատ են տվյալները՝ գրականության մեջ, մեր ստատիստիկայում, և դրանք ամփոփելը, եզրակացության գալն ու բնակչությանը ներկայացնելը շատ ճիշտ կլիներ.

«Բայց իրենք չհամաձայեցին ու առաջարկն այդպես մնաց օդում կախված: Հավելումների հետ կապված բոլոր տվյալները շատ հակասական են. կան ահագնացող և միևնույն ժամանակ գովաբանող հոդվածներ, նյութեր»:

Կ. Դանիելյանին անհանգստացնում է այն, որ մեզանում ծանր մետաղների բնական ֆոնն առանց այդ էլ բավականին բարձր է.

«Ունենք նաև հանքավայրեր, որոնք ճիշտ է՝ բազմամետաղային են, բայց երկաթի քանակությունն է բարձր: Ինձ Ագրարային համալսարանից հետազոտություն էին ուղարկել. Լոռու մարզում տարբեր բարձրությունների վրա ուսումնասիրվել էին ուտելի բույսերում առկա մետաղները և ամենաբարձր քանակությունը բույսերում հենց երկաթինն էր: Բացի այդ, հանքերի օգտագործումից ավելանում է տեխնոգեն աղտոտվածությունը:

Կարծում եմ, որ այսօրվա ներկայացված տվյալները բավարար չեն, որպեսզի կարողանանք հստակ ասել՝ ալյուրը հարստացնել հարկավո՞ր է, թե՞ ոչ: Պետք է թողնեն ընտրության հնարավորություն. հարստացնեն որոշակի քանակությամբ ալյուր, այլ ոչ ամբողջը:

Հասկանում եմ, որ հղի կանայք, նորածին երեխաները, փոքրահասակները ունեն դրա կարիքը, բայց պետք է նայել տարածքի առանձնահատկությունն ու դրա ազդեցությունը: Եթե ստեղծվեր այդ հանձնաժողովը, ապա ամեն-ինչ ավելի հեշտ կլիներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս