«Այս փուլում առնվազն պարկեշտ չի լինի միանալ նախաձեռնող խմբերից որևէ մեկին». Գառնիկ Իսագուլյան

«Ես կոչ կանեի հասարակական կազմակերպություններին կամ նախաձեռնող խմբերին՝ միմյանց հետ ընդհանուր լեզու գտնել և կարողանալ գոնե այդ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի շուրջ գալ ընդհանուր հայտարարի, այլապես հիմա՝ այս փուլում, երբ, եթե չեմ սխալվում, նախաձեռնող խմբերից 3 խումբ փոխվեց, առնվազն պարկեշտ չի լինի միանալ նախաձեռնող խմբերից որևէ մեկին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները քաղաքական բոլոր ուժերին կոչ արեցին միանալ իրենց շարժմանը:

Գ. Իսագուլյանը կարծում է՝ նախևառաջ՝ այդ մի քանի նախաձեռնությունները պետք է միավորվեն, որից հետո, եթե նման կոչ լինի, ապա իրենք կմտածեն՝ ինչ անել:

Հարցին՝ ընդհանրապես տարբեր կուսակցությունների՝ քաղաքացիական շարժմանը միանալը որքանո՞վ ճիշտ կլինի, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Երիտասարդներ են, գուցե որոշակի փուլից հետո հասկացան, որ բոլոր դեպքերում խորհրդատվական անհրաժեշտություն կա, և ճիշտ է իրենց կողմից նաև կոչ անել քաղաքական ուժերին: Բայց կարծում եմ՝ քաղաքական ուժերը միայն կոնսուլտացիոն կարգով կարող են միանալ, որովհետև ցանկացած այլ կարգի միացում հարցը կտեղափոխի քաղաքական դաշտ, իսկ քաղաքական դաշտի համար բացառապես քաղաքական ուժերն են զբաղվում, որին կարող են միանալ հասարակական ուժեր: Այստեղ ամենևին ամբիցիայի խնդիր չէ, ուղղակի սա էթիկայի ամենապարզ կանոնն է, որին պետք է ականջալուր լինի և՛ հասարակական կազմակերպությունը, և՛ քաղաքական կազմակերպությունը»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս