Քաղաքական ուժերն ուշացե՞լ են
Հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները քաղաքական բոլոր ուժերին կոչ արեցին միանալ իրենց։ «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի համոզմամբ` քաղաքական ուժերն ի սկզբանե պետք է ներգրավվեին շարժման մեջ, միակ բացառությունը, որ քաղաքական ուժերը չէին ներգրավվի, ըստ նրա` կլիներ այն դեպքում, երբ Բաղրամյան պողոտայում ծնվեր նոր քաղաքական ուժ, որը չեղավ։
«Ու հիմա, իմ կարծիքով` իրավիճակն այնպիսին է, որ արդեն այդ շարժման ընթացքը մարել է, և չեմ կարծում, որ քաղաքական ուժերն այդ կոչին կարձագանքեն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբանը։ Նա կարծում է, որ հիմա շարժումն այն վիճակում չէ, որ քաղաքականության համար մեծ արժեք ներկայացնի։
Քաղաքական ուժերի կարծիքներին կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: