Անջելինա Ջոլին պատրաստվում է մարմնավորել Եկատերինա թագուհուն
Անջելինա Ջոլին պատրաստվում է կատարել Եկատերինա Մեծի դերը` իր սեփական ֆիլմում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Դերասանուհին գնել է բրիտանացի պատմաբան Սայմոն Սեբագ-Մոնտեֆիորեի գրքի էկրանավորման իրավունքը: Գիրքը պատմում է Եկատերինա Երկրորդի և նրա ֆավորիտներից մեկի` Գրիգորի Պոտյոմկինի սիրային հարաբերությունների մասին:
«Եկատերինա Մեծ և Պոտյոմկին. կայսերական սիրավեպ» գիրքը, որը հիմք պետք է լինի ֆիլմի համար, առաջին անգամ լույս է տեսել 2000 թ.: Այնտեղ շարադրված է Պոտյոմկինի և Եկատերինա Երկրորդի` միմյանց ուղղված հինգ հազար սիրային նամակների բովանդակությունը:
«Ես շատ հուզված եմ, որ Անջելինան ընտրել է իմ ստեղծագործությունը, որովհետև դա իմ առաջին գիրքն է և ամենասիրած աշխատանքը»,- պատմել է հեղինակը:
Նա ավելացրել է, որ Եկատերինան ֆեմինիզմի վառ հերոսուհի է, և նա շատ ուրախ է, որ հենց Ջոլին է հանձն առել այդ նախագիծը:
Պատմաբանի խոսքով, Եկատերինան և Պոտյոմկինն ամբողջ կյանքում սիրել են միմյանց և եղել են պատմության ամենահաջող քաղաքական զույգերից մեկը` ի տարբերություն, օրինակ, Կլեոպատրայի և Անտոնիոսի, որոնց հարաբերություններն ավարտվեցին կործանմամբ և ինքնասպանությամբ:
Որքան է կոնկրետ գործարքն արժեցել Ջոլիի համար, չի նշվում: Սակայն, Daily Mail-ի տեղեկությամբ, խոսքը հնգանիշ գումարի մասին է: Հայտնի չէ նաև, թե ովքեր են խաղալու ֆիլմում, և դա կլինի հեռուստանախագծի՞, թե՞ կինոնկարի տեսքով:
Պարբերականը նաև տեղեկացնում է, որ մոտ տասը տարի առաջ Ջոլիին արդեն առաջարկել էին Եկատերինայի դերը նախագծերից մեկում, որը, սակայն, չիրականացավ:
2004թ. դերասանուհին կատարել է թագուհի Օլիմպիայի դերը` Օլիվեր Սթոունի «Ալեքսանդր» ֆիլմում:
Ջոլին հայտնի է իր շատ դերակատարումներով, սակայն վերջին ժամանակները նա նախընտրում է պրոդյուսերի և ռեժիսորի բազկաթոռը:
Եկատերինա Երկրորդ Մեծը` գերմանացի իշխանի դուստրը, կառավարել է ռուսական կայսրությունը 1762-1796թթ.: Նա իշխանության էր եկել պալատական հեղաշրջումից հետո, որի ժամանակ գահից զրկվեց նրա ամուսինը` Պետրոս Երրորդը: Համարվում է, որ նրա իշխանության ժամանակ ռուսական կայսրությունը Եվրոպայի ամենահզոր տերություններից մեկն է եղել:
Նա իր նախորդներից տարբերվում էր լայն մտահորիզոնով, հետաքրքրասիրությամբ, և, միևնույն ժամանակ, իշխանականությամբ: Պատմաբանները նրան վերագրում են մոտ քսան սիրավեպ, հիմնականում՝ պետական գործիչների հետ: Նրա ֆավորիտներից մեկը Գրիգորի Պոտյոմկինն էր, ում հետ, ըստ որոշ տեղեկությունների, նա նույնիսկ ամուսնացած է եղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը