
Ցիպրասը Հունաստանում ստեղծված իրավիճակը համեմատել է «փոքրիկ հեղափոխության հետ»

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «փոքր հեղափոխություն»: Ընդ որում՝ ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ երկրի իշխանություններն իրենց առաջ նպատակ չեն դնում դուրս գալ եվրոգոտուց ու խոստացել է համաձայնության գալ վարկատուների հետ հանրաքվեից հետո երկու օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք համաձայնության կգանք հանրաքվեից հետո 48 ժամվա ընթացքում: Բանկերը կբացվեն, երբ համաձայնության գանք»,-հայտարարել է Ցիպրասը: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է փոխզիջումների գնալ վարկատուների հետ, սակայն պայմանագիրը պետք է կետեր պարունակի «ֆինանսավորման անհրաժեշտության ապահովման» ու այն մասին, որ երկրի պարտքն «անընդունելի է»:
Հունաստանի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ վարկատուների պայմանների դեմ քվեարկությունը թույլ կտա գալ ավելի շահավետ համաձայնության: «Ես կհարգեմ ցանկացած արդյունք ու կսկսեմ անհրաժեշտ գործընթացները»,-հավելել է Ցիպրասը:
Մինչ այդ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է Հունաստանին տեխնիկական օգնություն տրամադրել հանրաքվեից հետո բանակցությունների վերսկսման դեպքում: