Զլատան Իբրահիմովիչ. «Ես կենդանի լեգենդ եմ, համենայն դեպս՝ իմ հարազատ քաղաքում՝ Մալմոյում»
Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլային հասարակությանը հայտնի է ոչ միայն սպորտային արտակարգ հմտություններով, արտասովոր և անկրկնելի գոլեր խփելու հատկությամբ, այլև անդադար հետաքրքիր իրավիճակներում հայտնվելու սովորությամբ: Զլատանը գրեթե միշտ մեմերի գլխավոր հերոսի դերում է:
Վերջերս էլ համացանցում տարածվում են հումորային բովանդակությամբ նյութեր, որտեղ քննարկման հիմնական առարկան այն է, որ Զլատան Իբրահիմովիչն ինքն իր մասին խոսում է երրորդ դեմքով, օրինակ՝ Զլատանը կարծում է, որ Զլատանն արտակարգ ֆուտբոլիստ է:
Հաշվի առնելով այս ամենը, 168.am-ը իր ընթերցողին է ներկայացնում այն, ինչ Զլատան Իբրահիմովչը պատմել է իր մասին:
Այսպիսով ձեզ ենք ներկայացնում լրագրողների հարցերին Իբրահիմովիչի տված ամենահետաքրքիր պատասխանները:
1. Երբեք չի կարելի քննադատել ուրիշներին: Եթե ինչ-որ մեկը խնդիր ունի ինձ հետ, ապա ավելի լավ է ամեն ինչ ասի՝ աչքերիս նայելով, այլ ոչ՝ հեռուստատեսությամբ:
2. Ես միշտ նախընտրում եմ ամեն ինչ ասել այնպես, ինչպես կա: Եթե ես լավագույնն եմ, ապա լավագույնն եմ, եթե ոչ, ապա ինչո՞ւ ժխտել դա:
3. Փոքր տարիքում ես շատ էի սիրում գողանալ հեծանիվներ: Ես նույնիսկ հատուկ տեղ էի որոշել դրանք պահելու համար: Կհարցնեք՝ ինչո՞ւ ես չեմ վախենում պատմել դրանց մասին: Չեմ վախենում, քանի որ դա եղել է մեկ կյանք առաջ և հիմա ոչինչ չի նշանակում:
4. Ես երբեք 100 տոկոսով գոհ չեմ լինում իմ խաղից: Անգամ, եթե իմ խաղը կատարյալ է լինում, ես գիտեմ՝ կարող էի դրանից լավ:
5. Ես հավատացյալ մարդ եմ, բայց անգամ Աստված չի կարող գնահատել իմ խաղն ավելի լավ, քան ինքս:
6. Ինձ չի հետաքրքրում այն ամենը, ինչ մարդիկ խոսում են իմ մասին: Գուցե դա նրանից է, որ օրենքներն ու կանոններն ինձ համար չեն ստեղծված: Ինձ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ովքեր միշտ գնում են դեպի կարմիր լույսը, եթե, իհարկե, հասկացաք, թե ինչ եմ ես ասում:
7. Լավ խաղալու համար ես պետք է լինեմ խելագար: Ես պետք է գոռամ, միայն այդպես եմ ես կենդանի:
8. Մեսսին տաղանդ է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ երկարատև մարզումների արդյունք: Մեսսին հասել է նման կատարելության՝ չօգտագործելով աջ ոտքը: Խելագարություն է անգամ պատկերացնելը, թե ինչ կանի նա, եթե սկսի խաղալ 2 ոտքով:
9. Ես մեքենան վարում եմ՝ ինչպես խելագարը: Ոստիկաններն արդեն ճանաչում են ինձ: Մի անգամ ես վարել եմ մեքենան 325 կմ/ժ արագությամբ: Ու առհասարակ, կյանքում ես շատ քայլեր եմ արել, որոնց համար պետք է զղջալ:
10. Ամեն տարի ես դառնում եմ ավելի ու ավելի լավը: Օրինակ, «Միլանում» ես լավագույնն էի, բայց չէի նվաճում մրցանակներ: Կարծում եմ, որ ավելի լավ է խաղալ վատ, բայց ունենալ շատ մրցանակներ, քան հակառակը:
11. Որսորդությունն ու ձկնորսությունն իմ կիրքն են: Ինձ համար այս երկու մասնագիտությունները չափից դուրս տղամարդկային են:
12. Տարօրինակ է, բայց ես չեմ կարողանում գտնել հարմար բնակարան Փարիզում: Ինչպես երևում է, այստեղ ես պետք է գնեմ այն հյուրանոցը, որտեղ հիմա ապրում եմ:
13. Ընդունված է համարել, որ մինչ մեր մահը մենք չեն կարող դառնալ լեգենդներ: Ես այդպես չեմ կարծում: Ես կենդանի լեգենդ եմ, համենայն դեպս՝ իմ հարազատ քաղաքում՝ Մալմոյում:
Կարդալով այս ամենը՝ ստեղծվում է կարծիք, որ Զլատանը շատ գոռոզ ու մեծամիտ մարդ է: Ազնվության համար ցանկանում ենք նշել մի ուշագրավ փաստ, որը մոռացության է մատնում Իբրահիմովիչի մասին բոլոր կարծիքները:
Զլատանի մարմնին կարելի է հանդիպել շատ դաջվածքներ: Սրանք սովորական դաջվածքներ չեն, այլ ինչ-որ մարդկանց անուններ են: Հետագայում ֆուտբոլիստն ասել է, որ այս անուններով կոչված են մարդիկ, ովքեր տառապում են սովից, ում օգնել է Իբրահիմովիչը:
Նա պարբերաբար նշում է, որ աշխարհում կա 805 միլիոն մարդ, ում հետապնդում է սովը: «Ամեն անգամ նայելով ինձ՝ դուք կհիշեք այս մարդկանց և կփորձեք գոնե մի փոքր օգնել նրանց: Իմ մարմնին կա 50 անուն, բայց եթե ես հնարավորություն ունենայի՝ այստեղ կդաջեի բոլորի անունները»,- անկեղծացել է Իբրահիմովիչը:
Սիրարփի Աղաբաբյան