
«Դուք իրավունք չունեք խմբակցության անունից հանդես գաք». Զարուհի Փոստանջյանը՝ Ռուբիկ Հակոբյանին

Ռուսական 200 մլն դոլար նոր վարկային համաձայնագիրը կռիվ է գցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Այսօր ԱԺ արտահերթ նիստում համաձայնագրի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալու համար ամբիոնին մոտեցավ դրա ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ու նշեց, որ խմբակցության պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն և ազատ են քվեարկելու, իսկ ինքը կներկայացնի իր անձնական կարծիքը:
«Էդ դեպքում Դուք իրավունք չունեք խմբակցության անունից հանդես գաք, պետք է առանձին ելույթ ունենաք»,- տեղից մի քանի անգամ հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ռ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի համար, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «կարգի հրավիրեց» Փոստանջյանին՝ «Բոլորին դիտողություն եք անում՝ յուրայինին, մյուսին, մի՛ բռնացեք մարդկանց տեսակետը»:
Փոստանջյանը կրկին պնդեց, որ խմբակցության անունից Հակոբյանն իրավունք չունի ելույթ ունենալ:
«Հակացանք, մի քիչ… վե՛րջ»,- իրեն զսպելով արտաբերեց Ռ.Հակոբյանը՝ շարունակելով ելույթը: Նա նշեց, որ միշտ վերապահումով է վերաբերվել վարկերին և վարկային քաղաքականությանը, բայց սա, ի տարբերություն մյուս վասալային համաձայնագրերի, ռազմավարական է: