Ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի աղջիկներն» ամերիկյան բեսթսելեր է
«Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դարձել է բեսթսելեր և թարգմանվել տարբեր լեզուներով: Վեպի հեղինակը հայկական ծագումով ամերիկացի գրող Քրիս Բոհջալյանն է, որի վեպերի հիման վրա Հյուսիսային Ամերիկայում և Կանադայում նկարահանվել են հոլիվուդյան մի քանի ֆիլմեր: Հարցազրույցներից մեկում, անդրադառնալով վեպի թեմային, Բոհջալյանը պատմել է, որ սա Ցեղասպանության մասին գրելու իր երկրորդ փորձն է: Ըստ հեղինակի՝ առաջին փորձը եղել է 1999-ին, սակայն դեռևս անավարտ վեպի ընթերցումից հետո որոշել է կիսատ թողնել այն և թեմային անդրադարձել է միայն 2010 թվին:
Ցեղասպանության թեմայի անդրադարձը պայմանավորված է գրողի պատմական արմատներով, որոնք սերում են Արևմտյան Հայաստանից: Բայցի այդ, նրան մտահոգում է Հյուսիսային Ամերիկայում Ցեղասպանության մասին եղած թյուր կամ ոչ բավարար ինֆորմացիան: 2012թ. հրատարակված վեպը, ըստ գրողի, Ցեղասպանության ֆոնին պատկերված սիրո մասին պատմություն է: Վեպը երկու պատմություն է, մեկում Ելիզաբեթ Էնդիքոտի և Արմեն Պետրոսյանի պատմությունն է. սիրահարներ, ովքեր հանդիպում են Սիրիայում Եղեռնի ընթացքում, և նրանց թոռնուհի Լաուրա Պետրոսյանի պատմությունը, ով հարյուրամյակ անց փորձում էր հասկանալ՝ ինչո՞ւ էին նրանք այդքան լուռ իրենց պատանեկության մասին, մինչդեռ նրա քաղաքամերձ կյանքը լիովին տարբեր էր այն իրավիճակից, երբ իր տատիկն ու պապիկը սիրահարվել էին։
Համաձայն USA Today-ի, Բոհջալյանը շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններն այնպես է կենդանացրել, որ ընթերցողը շնչահեղձ է լինում այդպիսի սարսափազդու իրադարձություններից՝ Թուրքիայի բոլոր հայերին իրենց իսկ երկրի վրայից բնաջնջելու որոշումից:
Քրիս Բոհջալյանը խոստովանում է, որ, երբ սկսում էր վեպը, չէր կարող պատկերացնել, որ այն դառնալու է բեսթսելեր, կամ, որ այն թարգմանվելու է մի քանի լեզուներով: Ըստ նրա, Ամերիկայում հաջողակ գրող լինելն այնքան դյուրին գործ չէ:
Գրողը խոստովանում է, որ թեև համարվում է այդպիսին, իրականում չգիտի, թե որն է դրա գաղտնիքը:
Քրիս Բոհջալյանն ամերիկահայ վիպասան է, 15 վեպերի հեղինակ, նրա գրչին են պատկանում «Մանկաբարձուհիներ» և «Ավազամրոցի աղջիկներ» բեսթսելերները։