Փաստաբանները՝ Պերմյակովի գործը հայկական կողմին փոխանցելու մասին

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործի վարույթը կփոխանցվի ՀՀ իրավապահ մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ մեղադրանքը պաշտպանելու է ՀՀ դատախազը, դատական քննությունն իրականացվելու է ՀՀ դատարանում, դատավճիռ կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից: Գ. Կոստանյանն ասաց, որ իրավական տեսակետից հարցը բավականին բարդ էր. «Հարցը, իհարկե, նաև ուներ քաղաքական կոմպոնենտ, և դրանով էր պայմանավորված նաև, որ այս հարցն առաջնահերթ ուշադրության կենտրոնում էր գտնվում նաև հանրապետության նախագահի մոտ, և քաղաքական կոմպոնենտը շատ կարևոր նշանակություն ունեցավ, իսկ իրավական կոմպոնենտի մասով կարևոր էր, որպեսզի անկախ քաղաքական լուծումից՝ մենք պետք է ունենայինք բավարար իրավական հիմք և հենք»: Ինչպես հայտնի է, ռուսական կողմը քրեական գործ է հարուցել նաև զինվորական հանցագործության փաստով. այդ գործի քննությունը կշարունակեն իրականացնել ՌԴ իրավապահ մարմինները:

Erem Sargsyan (1)Երեկ մեզ հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ վարույթի փոխանցումը հայկական կողմին հնարավորություն կտա ռուսական կողմի կատարած քննության արդյունքում ձեռք բերված տվյալները համադրել հայկական կողմի ձեռք բերած տվյալների հետ. «Այդ թվում՝ գործողություններ կային, որոնք հայկական կողմը սկզբնական փուլում ի վիճակի չէր իրականացնել, քանի որ Պերմյակովի հետ, ըստ էության, գործողություն անելու հնարավորություն չկար: Բազմիցս խոսել ենք այն մասին՝ արդյոք նրա մարմնի վրա կրակոցի արգասիքներ կայի՞ն, թե՞ ոչ: Եթե ռուսական կողմը նմուշներ վերցրել է, փորձաքննություն կատարել, ապա կստանան այդ տվյալները:

Նրա մոտ հայտնաբերված իրերը (կլինի հագուստ, հեռախոսներ), որոնք, ենթադրվում է, որ նա իր հետ տարել է Ավետիսյանների տանից, ըստ էության, վարույթի հետ միասին պետք է փոխանցվեն: Իսկ տուժողների իրավահաջորդները և մենք՝ փաստաբաններս, նաև միջնորդություն և պահանջ էինք ներկայացրել, որ այդ հագուստները ներկայացվեն մեզ՝ ճանաչման, որպեսզի կարողանանք այդ առումով ձևավորել մեր դիրքորոշումը»: Ե. Սարգսյանի խոսքով՝ վարույթի փոխանցման արդյունքում կունենանք նաև զորամասում կատարված քննության արդյունքները, մասնավորապես` ինչի՞ համար Վ. Պերմյակովը կարող էր լքել զորամասը, ներքին խնդիրներ ունե՞ր, թե՞ ոչ, նախկինում զորամասից դուրս եկե՞լ է, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

«Ի սկզբանե հասարակությունը, տուժողների իրավահաջորդները և մենք` նրանց հետ միասին, պահանջում էինք, որ սպանության դրվագով գործը Պերմյակովի հետ միասին փոխանցվի հայկական կողմին, և դա էր պատճառը, որ ռուսական իրավապահների կողմից իրականացվող քննությանը չէինք ներգրավվում:

Ըստ էության, կարծես թե ճիշտ էր մեր մարտավարությունը: Իսկ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու կամ փոխանցելու առումով իրադրությունը գոնե ինձ համար մի փոքր անհասկանալի է, քանի որ պաշտոնական հայտարարության մեջ նշվեց, որ սպանության մասով գործն է տրամադրվելու հայկական կողմին (բնական է, որ միայն այդ մասով պետք է լիներ), և հայկական կողմն էլ դատաքննություն է իրականացնելու:

Բայց չպետք է մոռանանք, որ ռուսական կողմն այս պահին դասալքության հետ կապված քրեական գործ է քննում, հետևաբար` այդ գործի քննությունը պետք է շարունակի ռուսական կողմը, և այդ գործով Վ. Պերմյակովը կալանավոր է: Այսինքն՝ հարց է ծագելու, թե ինչպե՞ս է կարգավորվելու: Համենայն դեպս, կարծում եմ, որ, միանշանակ, Պերմյակովի ներկայությունը դատական քննությանը կապահովվի, սակայն, թե որ կողմը կապահովվի նրա ներկայությունը, քննարկման առարկա կդառնա: Համենայն դեպս, մեզ համար գերխնդիրը հենց Պերմյակովի վերաբերյալ դատաքննության` հայկական կողմի կողմից անցկացումը և հայկական դատարանի կողմից դատավճռի կայացումն է: Իսկ հետագա հարցերը, կարծում եմ, քննարկման առարկա կդառնան, և կփորձեն լուծումներ գտնել»:

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ փոխադարձ համաձայնությամբ ռուսական կողմն ապահովի Վալերի Պերմյակովի ներկայությունը դատական նիստերին, իսկ կալանքը նա կշարունակի կրել ռուսական կողմում. «Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, որ իրենք կալանավորին, քաղաքացուն, ի վերջո, վերջնականապես կփոխանցեն հայկական կողմին, քանի որ նա իրենց մոտ կալանավոր է, սակայն, ի վերջո, խնդիր է ծագելու: Ենթադրենք` դատաքննությունից հետո նա մեղավոր ճանաչվեց, և նրա նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվեց: Այս դեպքում, եթե ռուսական կողմը վերջնականապես նրան չի հանձնել կամ փոխանցել մեզ, ինչպե՞ս է տեղի ունենալու պատժի իրականացումը»:

Մեր հարցին՝ արդյո՞ք հնարավոր համարում է, որ հետագայում միավորվեն հայկական կողմում քննվող` սպանության, և ռուսական կողմում քննվող` դասալքության գործերը, Ե. Սարգսյանը պատասխանեց, որ տեսականորեն հնարավոր է. «Բայց այստեղ նորից իրավազորության խնդիր է ծագում: Այդ գործը՝ դասալքությունը, ընդդատյա է ռուսական կողմին, և տարածվում է նրանց իրավազորությունը: Չնայած՝ նորից նշեմ, որ ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրում անհստակություններ կան, որոնք միանշանակ չեն կարգավորում բոլոր հարաբերությունները, և նշվում է, որ այն դեպքերում, երբ համաձայնագիրը միանշանակ չի կարգավորում հարաբերությունները, վեճը լուծվում է փոխադարձ համաձայնությամբ:

Այսինքն՝ դա տեսականորեն հնարավոր է, բայց մի փոքր դժվար եմ պատկերացնում, որ նման բան կլինի»:

Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ խոսել են այն մասին, որ նման պայմաններում, երբ հայկական կողմը՝ իր, ռուսական կողմը` իր ապացույցներով պետք է քններ քրեական գործը, հնարավոր չէ ապահովել գործի բազմակողմանիությունը. «Տվյալ պարագայում ամբողջականությունն ապահովել ուղղակի անհնար էր: Ուստի միանշանակ էր, որ գործի վարույթները պետք է միացվեին իրար: Սա պարտադիր պայման էր՝ առնվազն հնարավորինս բազմակողմանիությունն ապահովելու համար: Իհարկե, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այսքան ժամանակ անց է միանում, արդեն իսկ հնարավոր չէ լիարժեք հասնել այդ նպատակին, սակայն գոնե ինչ-որ առումով միացումը հնարավոր է, որ ապահովվի գործի բազմակողմանիությունը»:

Փաստաբանն ասաց, որ պետք է ապահովվի Վալերի Պերմյակովի ներկայությունը դատական քննությանը, քանի որ ՀՀ-ում հեռակա դատավարություն նախատեսված չէ: Փաստաբանը տեղեկացրեց, որ նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, և, երբ վարույթը կտրամադրվի հայկական կողմին, և իրենք կծանոթանան նաև ռուսական կողմի նշանակած փորձաքննությունների եզրակացություններին, հնարավոր կլինի ասել՝ կունենա՞ն արդյոք լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու, ինչպես նաև` փորձաքննությունների նշանակման միջնորդություն, թե՞ ոչ:

Հավելենք, որ Գևորգ Կոստանյանը հայտարարեց նաև, որ այս պահին սահմանը հատելու փորձի կապակցությամբ քրեական գործ հարուցված չէ, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ քննություն չի կատարվում. Քննչական կոմիտեն քննության ընթացքում պատասխանում է նաև հարցին` արդյո՞ք սահմանը հատելու փորձ եղել է, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս