Բաժիններ՝

Ովքե՞ր են հիմա հարթակում կանգնած մարդիկ. «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները չեն ուզում անուններ տալ

«Հարթակում ովքե՞ր են կանգնած, իսկ դուք չգիտե՞ք՝ ովքեր են հարթակում այս պահին»,- արձագանքելով լրագրողի հարցին՝ ովքե՞ր են հիմա Բաղրամյան պողոտայում հարթակում կանգնած մարդիկ, ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը, ով, սակայն, անուններ չտվեց:

Հարցին՝ տեսնո՞ւմ եք ինչ-որ ուժերի ազդեցություններ նախաձեռնության կամ շարժման վրա, «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները պատասխանեցին, որ նախաձեռնության վրա ոչ մի ուժեր չեն կարող ազդել, սա «քաղաքացիական շարժում» է, ՀՀ քաղաքացու պայքարն է, այստեղ «այլ ուժերի ուղղորդումը, ազդումը չի կարող լինել»:
Հարցին էլ՝ ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք Վաղինակ Շուշանյանից հետո անմիջապես վեցրեցին բարձրախոսը ու սկսեցին խոսել, նախաձեռնության անդամները պատասխանեցին, որ չեն ճանաչում այդ մարդկանց:

Խոսելով շրջանառվող կարծիքների մասին, որ «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց որոշման և շարժման վրա՝ նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանն ասաց. «Սէֆիլյանը և ցանկացած այլ քաղաքական գործիչ՝ որպես ՀՀ քաղաքացի, կարող են իրենց կարծիքը հայտնել, բայց դա չի նշանակում, որ իրենք կարող են ազդել նախաձեռնության կամ որոշումների վրա: Ցանկացած կուսակցական, քաղաքական գործիչ՝ որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի իր կարծիքը հայտնել»:

Ս. Հովսեփյանն ասաց, որ իրենք ազատ են կարծիքներ և խորհուրդներ ընդունել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից՝ որպես ՀՀ քաղաքացիներ, բայց իրենք թույլ չեն տա «կեղտոտել» իրենց շարժումը. «Սա քաղաքացիական շարժում է, և ևս մեկ անգամ կոչ եմ անում, որ չփորձեն կեղտոտել այն, ինչը մենք ստեղծել ենք 1 տարի ու կես»:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության մեկ այլ անդամի՝ Արթուր Քոչարյանի խոսքով էլ՝ շարժման հենց սկզբից էլ եղել են մարդիկ, որ փորձել են պայքարն ուրիշ ուղղությամբ տանել, բայց նա նույնպես անուններ չնշեց:

Նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ նշեց, որ որոշ մարդիկ փորձեցին այս ամեն ինչը սխալ ուղղությամբ տանել, փորձեցին այս վիճակն օգտագործել՝ ժողովրդին բաժանելու համար. «Մենք դեռ կբացահայտենք՝ ովքեր են պառակտում, ովքեր էին ողջ գիշեր սխալ խոսքեր տանում այնտեղից՝ այստեղ, այստեղից՝ այնտեղ, բայց բարեբախտաբար, թե՛ Օպերայում, թե՛ Բաղրամյանում գիտակից մարդիկ էին: Այն մարդիկ, ովքեր միտք ունեին պառակտելու, իրենց մոտ չստացվեց: Պառակտում չի եղել»:

Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ՝ պարզաբանելով, թե ում նկատի ուներ, երբ ասում էր, որ Բաղրամյանում մնացողները սադրիչներ են, ասաց. «Դա վերաբերում էր կոնկրետ այն շարքում կանգնած մարդկանց, ովքեր, երբ ես հարց բարձրացրեցի՝ մնա՞լ, թե՞ գնալ, այնպիսի մեծ աղմուկ-աղաղակ ու սուլոցներ հանեցին, որ իմ հայտարարությունը և բացատրությունը մինչև վերջ տեղ չհասավ ժողովրդին: Խոսքս վերաբերում էր միայն այդ մարդկանց»:

Հարցին՝ ինչո՞ւ «կոտրվեցիք», Ս. Հովսեփյանը հայտարարեց, որ իրենց կոտրել հնարավոր չէ. «Մեր նպատակը հարթակում մնալը չէր, այլ շարժումը համակարգելը: Մեր խնդիրը տարածքը կամ հարթակը չէ, այլ հաջորդ քայլը»:

Ա. Չիբուխչյանն էլ ասաց, որ հարթակում իրենք սկզբից կանգնում էին, որ իրենց պահանջները տեղ հասցնեին. «Մեր պահանջները տեղ են հասել, հիմա հաջորդ քայլը որոշելու ժամանակն է: Պահանջները չեն կատարվել, այլ տեղ են հասել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս