Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրողը միջնորդել է Արտակ Բուդաղյանին դատապարտել 150 հազար դրամ տուգանքի
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրողն այսօր միջնորդել է Արտակ Բուդաղյանին դատապարտել 150 հազար դրամ տուգանքի: Այս մասին 168.am-ին հետ զրույցում ասաց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով` դատախազը համարել է, որ Արտակ Բուդաղյանի մեղքն ապացուցված է: Փաստաբանն ասաց, որ ըստ էության կողմերից ոչ մեկին պատիժը չի հետաքրքրում.
«Դատախազության և Խաչատրյանների կողմից հետապնդվող մի պարզ մարտավարություն կա` ամեն գնով այնպես անել, որ Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվի սպառնալիքներ տալու համար, որպեսզի ցույց տան, թե՝ քանի որ սպառնալիքներ եղել են, ուրեմն՝ Տիգրան Խաչատրյանի ու Զարազնադ Նիկողոսյանի գործողություներն իրավաչափ են: Այսինքն` որքան ավելի վատ ձևով ներկայացնեն Արտակ Բուդաղյանի գործողությունները, այնքան փորձելու են այդ միջոցով ամրապնդել իրենց այն վարկածը՝ իբր Տիգրանը և Զարզանդը գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Դրա համար հիմա իրենց օդի պես Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է անհրաժեշտ: Տուգանքը կլինի 1 լումա, թե 150 հազար դրամ, թե 10 տարի ազատազրկում՝ դա իրենց համար երրորդական հարց է: Իրենց հիմա պետք է մեղադրական դատավճիռ, որ դրանից արդեն բխեցնեն Տիգրանի և Զարզանդի գործողությունների անհրաժեշտությունը»:
Հայկ Ալումյանն ասաց, որ իր կարծիքով օբյեկտիվ դիտորդն էլ կհամարի, որ մեղադրանքն ապացուցված չէ:
Հայկ Ալումյանի տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 14-ին, Գորիս քաղաքում. ճառով հանդես է գալու պաշտպանական կողմը:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող `Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին, (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս) որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: