Բաժիններ՝

ԵՏՄ անդամները բնական առևտրային գործընկերներ չեն. Հրանտ Բագրատյան

Այսօր ՀՀ կառավարության հրավիրած տնտեսական համաժողովի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ ներդրումային զեկույց են պատրաստում Հայաստանի մասին, որը մանրամասն կերպով կներկայացվի ներդրումային համաժողովի ժամանակ:

Ըստ նրա՝ փորձում են հասկանալ ՀՀ մրցակցային առավելությունները, եթե դրանք կան: Հ.Բագրատյանը նշեց, որ այս տասնամյակը համաշխարհային տնտեսության աճի համար նպաստավոր է լինելու և գերազանցելու է նախորդ տասնամյակը: Ըստ նրա՝ կառավարությունը բողոքում է, թե վատացող միջավայրում է աշխատում, բայց իրականում լավացող միջավայրում է աշխատում:

Խոսելով գլոբալիզացիայի, արժութային աշխարհի միտումների մասին՝ Հ.Բագրատյանն անդրադարձավ նաև ԵՏՄ-ին ու նշեց, որ այն ստեղծելուց հետո են միայն մտածում՝ ինչ անել:

Հ.Բագրատյանի խոսքով՝ ԵՏՄ անդամները բնական առևտրային գործընկերներ չեն. «ԵՏՄ-ն ստեղծվել է, ի՞նչ անենք ԵՏՄ հետ: Պարզ էր, որ այն չի ստեղծվել Մաքսային միության վրա: Ռուսաստանը իրավիճակից դուրս գալու և զարգացում գրանցելու համար պետք է փորձի օգտագործել իր աշխարհագրական դիրքը ու կամուրջ լինի արևմուտքի ու արևելքի միջև»:

Ըստ Հ.Բագրատյանի՝ ՀՀ տնտեսությունը որոշակի առավելություններ ունի, սակայն պետք է խուսափել տնտեսության զարգացման առանձին դիրքերի խրախուսումից. «Չի կարելի առանձին դիրքեր խրախուսել, առնվազն պետք է խրախուսել առանձին ոլորտներ: ԱԱՀ-ից պետք է անցնեք շրջանառության հարկի: Ոլորտների խրախուսումը՝ խնդրեմ: Բայց ցանկացած «ա» բիզնես խրախուսելը նշանակում է սահմանափակել «բ» և «գ» բիզնեսների զարգացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս