Գործարարների համար ամենակարևոր խոչընդոտը ֆինանսների սղությունն է. Արսեն Ղազարյան
Հայաստանում գործարարությունը խթանելու համար անհրաժեշտ է Արդյունաբերության զարգացման հիմնադրամ ունենալ, քանի որ գործարարների համար ամենակարևոր խոչընդոտը ֆինանսների սղությունն է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ հայտարարեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Մի կողմից չենք կարող մեղադրել բանկերին, որ փողերն առել նստել են, բայց այսօրվա աճող տոկոսների պայմաններում հնարավոր չէ մրցունակություն ապահովել ու դուրս գալ արտաքին շուկաներ»,- ասաց Ա.Ղազարյանը:
Ըստ նրա՝ մեր խնդիրները մեր մեջ են, հիմնական խնդիրը բիզնեսի կառավարման մեջ է, մենեջմենթում սերնդափոխություն է պետք, սեփականատերերի հեռացում է պետք բիզնեսից, որ կառավարիչներին վստահեն:
Ա.Ղազարյանը նշեց, որ ընդունված է ասել, թե ՀՀ տնտեսությանն ամենամեծ վնասը տվեց ՌԴ տնտեսության կոլապսը, բայց պարզ չէ, թե ինչու ենք նվնվում, քանի որ նույն պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանն աշխատում են գրեթե նույն տեմպով, իսկ մենք՝ ոչ: