Վարչապետն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում և կարևորել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը դրականորեն է անդրադառնում Հայաստանի դրամավարկային քաղաքականության, բիզնես միջավայրի բարելավման և տնտեսության մի շարք ճյուղերում տարբեր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:
Իր հերթին, Մասուդ Ահմեդն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տնտեսական ներկայիս դժվար իրավիճակում ԱՄՀ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբարել ՀՀ կառավարությանը: Պարոն Ահմեդը կարևորել է ներդրումային տարբեր ծրագրերի խթանմանն ու ներգրավմանն ուղղված քայլերի իրականացումը և դրանց կյանքի կոչման համար հայտնել ԱՄՀ-ի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը, ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: