Բաժիններ՝

«Մենք պատրաստակամ ենք սպասելու աուդիտի վերջնական պատասխաններին, որից հետո շատ բան պարզ կդառնա». Անի Զախարյան

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը 168.am-ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի հետագա ընթացքն ու զարգացումը կապում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գիտակցություն հետ. «Անկախ նրանից, որ երեկ ինչ-որ պառակտումներ տեղի ունեցան Բաղրամյան-Ազատության հրապարակ մեկնած ու մնացած ակտիվիստների միջև, միևնույն է` եթե այսօր, այստեղ՝ Բաղրամյան պողոտայում, կրկին մեծաքանակ բազմություն կարողանանք համախմբել, ապա ոչ մի իշխանություն չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք հետո միջազգային հանրություն կողմից կարող են խստորեն դատապարտվել ու քննադատության տեղիք տալ»:

Լրագրողի հարցին՝ արդյոք երեկ Բաղրամյան պողոտայում իրական բախման վտանգ չէիք տեսնո՞ւմ. Անի Զախարյանը պատասխանեց.  «Եթե այսօր էլ կարողանանք ապահովել բազմամարդ հավաքը՝ կրկին կկարողանանք խուսանավել ոստիկանների հետ բախումների վտանգից»:

Անի Զախարյանը կարևորեց նաև նախագահի կողմից առաջարկված աուդիտի հետ կապված մի քանի հարցեր, մասնավորապես. «Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե աուդիտի ճանապարհով ենք գնալու, ապա մի՞թե նա չգիտի, որ որևէ աուդիտ չի կարող իրականացվել արդեն առկա որոշման պայմաններում: Այսինքն, որոշումը պետք է չեղյալ հայտարարվի, նոր միայն աուդիտ անցկացվի, և ուսումնասիրությունների հիման վրա հասկանալի դառնա՝ այդ սակագինը արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ: Մենք պատրաստակամ ենք սպասելու աուդիտի վերջնական պատասխաններին, որից հետո շատ բան պարզ կդառնա: Պարզապես մեր խնդիրն է լինելու հնարավորինս անաչառ կերպով վերահսկել աուդիտի պրոցեսը, ու ես շատ կուզենայի, որ այդ պրոցեսին մասնակցեին նաև շարժման ակտիվիստ տղաները»,- հավելեց Անի Զախարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս