Ինչ կապ ունի Հիմնադիր խորհրդարանը Բաղրամյան պողոտայում ծավալվող իրադարձությունների հետ. պարզաբանում է Վ. Ավետիսյանը
«Ես համաձայն չեմ, որ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, ոչ մի վատ բան էլ տեղի չի ունեցել, բնականոն գործընթաց է տեղի ունենում, մենք ականատես եղանք այդ բնականոն գործընթացի դրսևորմանը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը ջախջախիչ մեծամասնությամբ ուրիշ կարծիք ուներ, իսկ կազմակերպող խմբի ներկայացուցիչներն այլ կարծիք ներկայացրեցին. «Այդ կարծիքը չընդունվեց, և հետևանքը եղավ այն, ինչ մենք տեսանք՝ մի մասը մոլորված գնացին նրանց հետևից Ազատության հրապարակ, հետո, ինչպես տեսանք՝ այդ մարդիկ վերադարձան: Այնպես որ, ես չեմ կարծում՝ որևէ վատ բան է տեղի ունեցել, հակառակը՝ պայքարի առաջ գնալու, մոբիլիզացվելու իմաստով՝ զտման բնականոն գործընթաց է տեղի ունենում, այդ պատճառով պետք է ողջունել այդ գործընթացը»:
Խոսելով այն մեղադրանքների մասին, որ «Հիմնադիր խորհրդարանը» և մի շարք այլ քաղաքական գործիչներ են մեղավոր այդ իրավիճակի համար, Վ. Ավետիսյանը նշեց, որ իրենք բազմիցս ասել են, որ կազմակերպական, տեխնիկական և այլ առումներով աջակցում են երիտասարդներին, բայց չեն միջամտում և փորձում են խորհուրդներ տալ, եթե կընդունեն այդ խորհուրդները. «Բայց միջամտել, կամ, ինչպես ռեժիմի և նրա քարոզչամեքենայի հնարքների զոհ դարձած որոշ քաղաքացիների մոտ շրջանառվում են խոսքեր, որ մենք ուզում ենք կառավարումը վերցնել, դա անհեթեթություն է, սա քաղաքացիական շարժում է, ունի իր օրակարգը, իմաստ էլ չկա նման բան անելու»:
Մեր հարցին՝ ասում են՝ նոր նախաձեռնող խումբ է ձևավորվում, տեսնո՞ւմ եք՝ ովքեր են նրանք, ու արդյոք դուք ներգրավված չե՞ք այդ խմբի մեջ, Վ. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Առայժմ ես անձամբ չեմ ճանաչում, հասկանալի է, որ նման գործընթաց է տեղի ունենում, հուսանք, որ ձևավորվող նոր նախաձեռնող խումբը ժողովրդի կոլեկտիվ ոգուն, մղումներին, ժողովրդի բարձր պահանջների մակարդակին կհամապատասխանի, հակառակ պարագայում՝ ժողովուրդը կպարտադրի իրենը»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ նախորդ նախաձեռնող խումբը ժողովրդի ոգուն համապատսխան գործողություններ չէ՞ր իրականացնում, Վ. Ավետիսյանը պատասխանեց՝ «Իհա՛րկե չէին անում». «Չտեսա՞ք՝ ինչ տեղի ունեցավ երեկ, ժողովուրդը ջախջախիչ մեծամասնությամբ ուզում էր մնալ այդ Բաղրամյան պողոտայում և այնտեղ շարունակել պայքարը: Համակարգող խմբի անդամները, մտավախություններ ունենալով, որ կարող են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, ու կարող է վատ հետևանքներ լինեն, առաջարկում էին գնալ Ազատության հրապարակ, բայց ժողովուրդը դիմադրեց և ասաց, որ «մենք ուզում ենք մնալ այստեղ», այդ ժամանակ տրամաբանական կլիներ, որ համակարգող խումբը ենթարկվեր ժողովրդի կամքին, բայց դա էլ իրենց կամքն է, եթե չուզեցան նրանք, գնացին այնտեղ, Աստված իրենց հետ, ուրեմն՝ առանց կառավարման գործընթացի չի լինում, ժողովուրդն ինքնակազմակերպվել է և ելքը կգտնի»:
Մեր դիտարկմանը՝ այսքան ժամանակ հենց այդ նախաձեռնող խումբն է ժողովրդին մոբիլիզացրել, հավաքել, Վ. Ավետիսյանը պատասխանեց. «Ցավալի է, որ այդ խումբը չշարունակեց գործընթացը: Բայց մարդիկ այդպիսի հայացքներ ունեն, ի՞նչ կարող ենք անել»:
Հարցին էլ՝ բայց դա ինչո՞վ էր պայմանավորված, չե՞ք կարծում, որ ինչ-որ քաղաքական ուժերի ազդեցություն կար ժողովրդի վրա, Վ. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, քաղաքական ուժեր այնտեղ գրեթե չկան, քաղաքական գործիչներից մի քանի հոգու տեսել եմ, մարդիկ որպես քաղաքացիներ են գալիս, եկեք՝ տեսնենք, որ կա ժողովրդի ինքնակազմակերպման պրոցես, և ուրախանանք ու հպարտանանք դրանով»: