Բաժիններ՝

«Ամեն ինչ կարող է պատահել». Վաղինակ Շուշանյանը՝ իրենց հետագա ծրագրերի մասին

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի ակտիվիստներին երեկվա հայտնի դեպքերից հետո կարելի է հանդիպել թե´ Ազատության հրապարակում, թե´ Բաղրամյան պողոտայում: Ազատության հրապարակում երեկվանից նստացույց հայտարարած Վաղինակ Շուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախաձեռնող խմբի անդամները պատրաստվում են այսօր երեկոյան ժամը 18-ին Ազատության հրապարակից հայտարարություն հնչեցնել, որտեղ մանրամասն կտեղեկացնեն պայքարի հետագա ռազմավարության ու պլանների մասին, ըստ որի կկազմակերպի շարժման հետագա ընթացքը:

ՀԷՑ-ի ներսում աուդիտի անցկացման գործընթացին մասնակցելու հրավերը, ըստ Շուշանյանի՝ դեռ չի քննարկվել իրենց կողմից: Հարցին թե պայքարը հիմա ու այսուհետ սոցիալակա՞ն, թե՞ քաղաքական բնույթ ունի՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց.

«Ով ոնց ուզում է, կարող է հասկանալ: Ես, որպես «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ հայտարարում եմ, որ այս պահին մենք դուրս ենք եկել սոցիալական պայքարի՝ կասեցնելու բնակչության ուսերիբ հայտնված ֆինանսական ծանր բեռը: Թող ոչ ոք չփորձի այս շարժմանը քաղաքական երանգ տալ»,- ասաց ակտիվստը:

Վաղինակ Շուշանյանն ասաց նաև, որ որպես շարքային քաղաքացի լինում է Բաղրամյան պողոտայում, բայց պայքարի ընթացքն այսուհետ կշարունակվի միայն Ազատության հրապարակից. «Որպես համակարգող խումբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը պաշտոնապես այլևս Բաղրամյանում չի գործում: Հետագա պլանների մասին՝ կապված Բաղրամյան պողոտայում գործունեություն ծավալելու մասին, այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Այսպես ասեմ՝ ամեն ինչ կարող է պատահել»:

Կարդացեք նաև

Ակտիվիստը միանշանակ հերքում է նախաձեռնության ներսում պառակտման մասին տարածված լուրերը. «Նման բան միանշանակ չկա: Պարզապես ակտիվիստների մի մասը նախընտրել է ֆիզիկապես մնալ Բաղրամյան պողոտայում, մյուս մասը այստեղ՝ Ազատության հրապարակում, ինչ-որ մի մասն էլ այս պահին աշխատանքի է, երեկոյան կմիանան մեզ»:

Վերջում ակտիվիստը հավելեց, որ այս պահին ինքն իրեն լավ է զգում՝ ինքնազգացողությունը նորմալ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս