«Սանիտեկ» ՍՊԸ-ի ներկայացուցչի գրավոր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։

ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնից հունիսի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «Սանիտեկ» ՍՊԸ-ին գույքային վնաս պատճառելու վերաբերյալ ընկերության ներկայացուցիչ Ա.Կարապետյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։

ՍՊԸ-ի ներկայացուցիչը, մասնավորապես, գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող թվով 41 աղբամանները, դրանք օգտագործել որպես արգելապատնեշ միջոցներ` այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս)։

Քրեական գործով որոշում է կայացվել առգրավել Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող և որպես արգելապատնեշ օգտագործվող, նշված ընկերությանը պատկանող 41 հատ աղբամանները։

Որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Տեսանյութեր

Լրահոս