Թունիսում սպանված զբոսաշրջիկների թվում նվազագույնը 30 բրիտանացի կա
Թունիսի լողափում հարձակման հետևանքով սպանվել է նվազագույնը 30 բրիտանացի: Ավելի վաղ Բրիտանիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր 15 բրիտանացու մահվան փաստը, սակայն նախազգուշացրել էր, որ նրանց թիվը կարող է ավելանալ:
Ընդհանուր առմամբ՝ Imperial Marhaba հյուրանոցի լողափում զինյալների զոհ է դարձել մոտ 38 մարդ:
Մՙեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Daily Telegraph-ի հոդվածում ասել է, որ Բրիտանիան շոկի մեջ է ու ցավում է զոհերի համար, սակայն թույլ չի տա իրեն վախեցնել:
Նրա խոսքով՝ Բրիտանիան պետք է«անհանդուրժող լինի անհանդուրժողականության նկատմամբ ու պնդի իր արժեքները՝ խաղաղություն, ժողովրդավարություն, համբերատարություն ու ազատություն»:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ցավակցել է զոհերի հարազատներին, ասելով, թե ինքն ու իր ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, շոկի մեջ են կատարվածից:
Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում, ինչպես նաև մյուս պետական հաստատություններում դրոշները խոնարհվել էին՝ ի նշան Թունիսում զոհված քաղաքացիների: