Դեն Բիլզերյան՝ պրոֆեսիոնալ պոկերի հայազգի արքան
1980թ. դեկտեմբերի 7-ին Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում ծնված Դեն Բիլզերյանը ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող է, դերասան, հայտնի պոկեր խաղացող: Վարում է էքստրավագանտ կյանք: Պրոֆեսիոնալ պոկերում Դենը զգալի հաջողության է հասել 2009 թվականին World Series of Poker-ի ժամանակ: Նա խաղացել է հեռուստատեսային շոուի 6 էպիզոդներում՝ նվիրված այդ առաջնությանը:
Հանդիսանում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը: 2010թ. նա պոկերային Bluff ամսագրի Twitter-ում անվանվեց ամենածիծաղելի խաղացողներից մեկը:
Հայտնի է՝ որպես բարձր խաղադրույքներ կատարող խաղացող: Աշխարհում ամենից հաջողակ թղթախաղ խաղացողներից մեկը սիրում է զենքերի, շքեղ ավտոմեքենաների, աղջիկների ու դոլարների լուսանկարներով ողողել իր Instagram-ը: Հայազգի Դենը չի զլանում իր շքեղ կյանքը պատկերող լուսանկարներով ողողել սոցցանցերը՝ Facebook, Instagram, Twitter: Instagram-ում Դենն ունի 10.3 մլն հետևորղ: Բիլզերյանը սիրում է զբաղվել էքստրեմալ մարզաձևերով՝սքուբա դայվինգով, լեռնամագլցությամբ, սիրում է ձյունագնացներ, շքեղ մեքենաներ, ունի զենքերի մեծ հավաքածու:
Նրա հայրը Փոլ Բիլզերյանն է, մայրը՝ Թերրի Ստեֆենը: Դենն ունի մեկ եղբայր՝ Ադամը, ով նույնպես պոկեր խաղացող է: Բիլզերյանների ընտանիքի մեծ մասը զոհվել է Հայոց ցեղասպանության ժամանակ:
Դենի հայրը նախկինում հայտնի թրեյդեր էր Ուոլ-Սթրիթից, պատերազմել է Վիետնամում, ունեցել է ռոբոտատեխնիկայի ընկերություն: Դենի հայրը դատապարտվել է հարկերից խուսափելու ու առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով ու հայտնվել է բանտում: Դենը ենթարկվել է համադասարանցիների ծաղրանքին, սկսել է կռվել նրանց ու դպրոցի ադմինիստրացիայի հետ, ինչի հետևանքով էլ հեռացվել է երկու ուսումնական հաստատությունից ու հայտնվել Զինվորական ակադեմիայում: Դենի հոր վաղաժամ ազատ արձակումից հետո ընտանիքը տեղափոխվում է Յուտա:
Շուտով Դենի հոր մոտ սկսվում են դարձյալ խնդիրներ, ու տղան սկսում է դպրոց գնալ М16 ինքնաձիգը մեքենայում: Դենի խոսքով՝ զենքը հայրը բերել է Վիետնամից, ու ինքն այնքան հպարտ էր այդ զենքով, որ այն ցույց էր տալիս բոլորին: Դենին դարձյալ հեռացնում են ու առաջարկում հեռանալ նահանգից:
1999թ. Դենը գնում է ծառայելու ԱՄՆ ռազմածովային ուժերի SEAL ստորաբաժանումում: Դենի պնդմամբ՝ իրեն SEAL-ից հեռացրել են կուրսի ավարտից երկու օր առաջ:
2013թ. Դեն Բիլզերյանը որպես տրյուկներ կատարող դերասան՝ մասնակցել է «Օլիմպոսի անկումը» ֆիլմի նկարահանումներին: 1 մլն դոլար է ներդրել «Կենդանի մնացածը» ֆիլմում՝ որպես պրոդյուսեր: Ոչ մեծ դերերով է հանդես եկել նաև 2014թ «Ուրիշ կինը» ֆիլմում:
2011թ. մարտի 9-ին գրազ եկավ 385 հազար դոլարով՝ ընկերական ավտոարշավի մասնակցելով Լաս Վեգասում փաստաբան Թոմ Գոլդշտեյնի հետ ու հաղթանակ տարավ: Բիլզերյանը վարում էր1965թ. AC Cobra ավտոմեքենա, Գոլդշտեյնը՝ 2010թ՟ Ferrari 458 Italia:
Դենի հարստությունը նրան տալիս է հնարավորություն վայելել միայն գեղեցիկ մոդելների ընկերակցությունը: Նա սիրում է լինել ուշադրության կենտրոնում:
Իրեն ոչնչում չմերժող Դենն արդեն սրտի 3 նոպա է տարել: Պատճառը, որի հետևանքով նա հայտնվել է հիվանդանոցում, Դենը չի թաքցնում. «Կոկաին, շատ էքստազի, սեքս մարաթոն՝ միանգամից մի քանի աղջկա հետ, պոկեր Վեգասում՝ 10 հազար դոլար խաղադրույքով, մարզական գրազներ, Վիագրայի մեծ քանակություն ու մեքսիկական խոհանոց»:
Դենը հիշում է, որ իրեն պոկեր խաղալ է սովորեցրել եղբայրը: Դենը հիմա գոհ է իր խաղից ու իրեն անվանում է «Պոկերի Բիլ Գեյթսը, եթե այդ խաղին վերաբերվենք՝ որպես բիզնես»:
Նա ասում է, որ երբեք սեղանի շուրջ չի նստում պրոֆեսիոնալների հետ, միայն Ուոլ Սթրիթի գործարարների, հայտնիների ու արաբ շեյխերի հետ:
Ինչպես պոկերում, այնպես էլ կյանքում, Դենն էպատաժներ է սիրում: Նա խաղում է միայն խոշոր գումարներով՝ 10-25 հազար դոլար:
Twitter-ում գրում է, որ մեկ երեկոյի ընթացում շահել է 10 800 000 դոլար: Նա երբեք չի նշում, թե ում հետ է խաղում:
Daily Mail-ին տված հարցազրույցներից մեկում Բիլզերյանը հայտնել է, որ իր կարողությունը մոտավորապես 100 000 000 դոլար է: Եթե հավատանք Դենին, ապա նա արդեն փակ խաղերում վաստակել է ավելի քան 50 000 000 դոլար:
Դենն ամերիկյան մշակույթում մարմնավորում է ամենաարատավոր ու արգելված բարքերը, սակայն դա նրան չի խանգարում ունենալ բազում երկրպագուներ:
Պատրաստեց՝ 168.am-ը