Հայտնաբերվել է Կլոդ Մոնեի նախկինում անհայտ կտավը
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Կլոդ Մոնեի նախկինում անհայտ կտավը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Իմպրեսիոնիստի անհայտ աշխատանքը հայտնաբերել է Ջոնաթան Գրինը՝ Լոնդոնի Richard Green Gallery-ի տնօրենը: 2014թ. նա Փարիզի աճուրդում ձեռք էր բերել Մոնեի երկու բացառիկ՝ պաստելային կտավներ, իսկ ավելի ուշ հայտնաբերել էր, որ դրանցից մեկի հետևում ամրացված է ևս մեկ նկար: Թաքնված նկարի վրա պատկերված է հանգրվան ու փարոս Հավրում՝ Նորմանդիայում, որտեղ մեծացել է նկարիչը:
«Մենք շատ ուրախ էինք: Մոնեի պաստելները հազվագյուտ են»,- The Guardian-ին հայտնել է Ջոնաթան Գրինը:
Բոլոր 3 նկարներն էլ Մոնեն նվիրել է 1924-ին, դրանք եղել են նկարչի հարսանեկան նվերը Աննա Մարիա Դյուրան-Ռուելին, ով Մոնեի գեղարվեստական ներկայացուցչի թոռն էր:
Նկարները պահվում էին ընտանիքում, ու Փարիզի աճուրդը նկարների համար հանրությանը ներկայանալու առաջին հնարավորությունն էր:
Փորձագետները ենթադրում են, որ բոլոր 3 նկարներն էլ ստեղծվել են 1868 թվականին: