Լեո Մեսսի-28. «Մրցանակները, իհարկե, հրաշալի են: Բայց դրանք պետք է հետաքրքրեն ոչ թե ինձ, այլ լրագրողներին»
Այսօր՝ հունիսի 24-ին, իր ծննդյան 28-ամյակն է նշում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Անդրես Մեսսին: Այդ իսկ պատճառով 168.am-ը որոշել է ձեզ ներկայացնել Մեսսիի ֆուտբոլային գաղափարախոսության առանձնահատկությունները և բոլոր այն հետաքրքիր մտքերը, որոնք ֆուտբոլիստն արտահայտել է իր 28 տարիների ընթացքում:
Ձեր դատին ենք հանձնում Մեսսիի կյանքի կանոնները:
1. Ասում են, թե ես քիչ եմ խոսում եթերում: Պատճառը մեկն է՝ իմ փոխարեն խոսում են իմ ոտքերը:
2. Ես Բարսելոնայում եմ ապրում 12 տարեկանից, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես իսկական արգենտինացի եմ, և վերջ:
3. Կարծում եմ՝ ես չունեմ էգո: Եթե ունեմ էլ, ապա նա դեռ իր մասին իմաց չի տվել:
4. Շատ եմ հարգում այնպիսի լեգենդար ֆուտբոլիստների, ինչպիսիք են Մարադոնոն, Պելեն, Դի Ստեֆանոն, բայց չեմ ուզում որ ինձ համեմատեն նրանց հետ: Համեմատության մասին կխոսենք այն ժամանակ, երբ ես թոշակի կանցնեմ:
5. Զոհողությունները և տաղանդը միշտ քայլում են կողք կողքի:
6. Ինձ պետք չէ արտասովոր սանրվածք կամ անթերի մարմին, ուղղակի իմ ոտքերի առաջ գնդակ գցեք, և ես կանեմ այն, ինչ կարողանում եմ:
7. Կյանքը կդառնար ավելի հետաքրքիր և գունեղ, եթե ամեն օր դու կարողանայիր ինչ-որ նոր բան սովորել:
8. Մրցանակները, իհարկե, հրաշալի են: Բայց դրանք պետք է հետաքրքրեն ոչ թե ինձ, այլ լրագրողներին:
9. Ամեն խաղում ես խաղում եմ նույն կերպ, այնպես, կարծես եզրափակչում եմ:
10. Յուրաքանչյուրիս կյանքում գալիս է ժամանակ, երբ պետք է ինքդ քեզ ասես. չկա այնպիսի մարդ, որ միշտ հաղթում է:
11. Ինձ թվում է, որ մարդու կյանքում ամենատխուրն այն օրն է, երբ նա հասկանում է, որ չի կարող դառնալ ավելի լավը:
12. Ես ավելի շատ մտածում եմ լավ մարդ լինելու մասին, քան այն մասին, թե ինչ անեմ լավագույն ֆուտբոլիստը լինելու համար: Կգա ժամանակ, երբ իմ ֆուտբոլային կարիերան կավարտվի, և ի՞նչ, ի՞նչ կլինի այդ ժամանակ: Ավելի լավ է ինձ հիշեն՝ որպես լավ տղա, քան՝ որպես տաղանդավոր ֆուտբոլիստ:
13. Ես երբեք չեմ համեմատում իմ հաջողությունը: Այն եղել է երեկ, անցյալ է, չպետք է մտածել դրա մասին: Կյանքը շատ կարճ է անընդհատ երեկների մասին մտածելու համար: Դրա մասին ես կմտածեմ այն ժամանակ, երբ կանցնեմ թոշակի:
14. Հայր դառնալը նշանակում է՝ սկսել ամեն ինչին նայել այլ աչքերով: Օրինակ, եթե առաջ դու ունեիր միլիոնավոր գործեր, ապա հիմա քո միակ գործը որդիդ է:
15. Կյանքում կան շատ ավելի կարևոր պահեր, քան հաղթանակներն ու պարտությունները:
Սիրարփի Աղաբաբյան