Ժողովուրդը գտել է իշխանության որոշումների դեմ պայքարելու ձևը` խաղաղ անհնազանդությունը հաղթեց. Մանվել Սարգսյան

««Ոչ թալանին» շարժման անցած ուղին և շարժման արդյունքը մեծ ձեռքբերում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին` էլեկտրաէներգիայի թանկացման բեռը Կառավարության վրա դնելու վերաբերյալ:

Նա նշեց, որ իշխանություն այսպիսի որոշում կայացրեց, քանի որ «Ոչ թալանին» շարժումը ելքեր էր փնտրում, երեկ արդեն Ոստիկանությունը չէր կարողանում զսպել ցուցարարների գործողությունները, քանի որ նրանք սկսում էին քաղաքում նոր կետեր գրավել, արգելափակումներ իրականացնել: Սա, Սարգսյանի համոզմաբ, պարզ ազդանշան էր այն մասին, որ ժողովուրդն իրենց ատամները հաշվել և պայքարելու եղանակը գտել է: «Եվ արդեն պարզ էր, որ ոչ ուժային մեթոդով կարող էին ճնշել, ոչ էլ այլ որևէ կերպով, այս իրավիճակն էր ստեղծվել, ներկայումս փորձում են ձևեր գտնել, խաբել, որպեսզի մարի շարժումը, փողոցային ակտիվությունը, ինչը ենթադրելի էր: ՀՀ իշխանությունն ասում է, որ ժամանակավոր ինչ-որ լուծում են տալիս, իսկ հետագայում միգուցե և լինեն փոփոխություններ, բայց երկրում որոշում ընդունողները փոխվել են, ժողովուրդը ձևը գտել է և ժողովուրդն է որոշումները թելադրում, նրանք էլ չեն ցանկանում իշխանությունների որոշումները կատարել»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը:

Վերջինիս կարծիքով, տեղի ունեցածը շատ ավելի էական է, քան մարդիկ մտածում են: Ըստ նրա` վերջին 24 տարվա կուսակցական կյանքը իր կեղծ հարցադրումներով, կեղծ մթնոլորտով, գաղափարներով սպառել էր իրեն, կուսակցական ավանտյուրաներն իրենց սպառել էին, դա գիտակցվել էր ու ժողովուրդը փողոց էր դուրս եկել իր պարզ ձևակերպումներով` կիրառելով խաղաղ անհնազանդության մեթոդներ:

«Իսկ 1988թ.-ից հետո կորցրել էինք դա կուսակցական ցիկլերում, հիմա վերականգնվեց: Սա իրականում լուրջ հարց է: Բոլորը հասկացան, որ հանրության դեմ խաղ չկա, դա հասկացավ Վովա Գասպարյանը, ապա իր վերադասերը: Այս հաջողված մշակույթը հետագայում կարող է օգտագործվել ավելի համակարգային խնդիրներ լուծելու համար: Ցանկացած խնդիր կարող ենք դնել լուծել, ամբողջ աշխարհում այս մեթոդը գործել է, դրվել են խնդիրներ, դրանք լուծում են ստացել նույնիսկ բռնապետերի առկայության պարագայում: Իրականն այն գիտակցույթունն է , որը գալիս է»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս