Ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը. հայտնի չէ` կկասեցվի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, թե ոչ

«Ես այն պաշտոնյան չեմ, ով իրավասու է ասել` կասեցվելո՞ւ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, թե՞ ոչ»,-լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ և ցուցարարների, և իշխանությունների ցանկությունը մեկն է` Հայաստանի էներգետիկ համակարգի առողջացումը և որպեսզի այդ բեռը չծանրանա քաղաքացու վրա:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 20:30-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել էր Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստը: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգի հիմնական հարցը Երևանում և Հայաստանի մարզերում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման տեղի ունեցող հանրահավաքներն ու նստացույցն է, երկրում տեղի ունեցող որոշ իրադարձություններ:

Հիշեցնենք նաև, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ և ՌԴ միջև միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Ըստ ՀՀ նախագահական նստավայրի պաշտոնական լրատվության` անդրադառնալով Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիային՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են այդ ամենի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել:

Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը: Նախագահը տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանում ստիպված գնացին ժողովրդականություն չվայելող քայլի՝ հաշվի առնելով հայկական դրամի ինֆլյացիայի մակարդակը և արտադրվող էներգիայի ինքնարժեքի բարձրացումը: Ըստ նրա, անշուշտ, հաշվի են առնվել նաև սակագնի բարձրացման սուբսիդավորման միջոցով անապահով ընտանիքների սոցիալական աջակցության հարցերը. երեկ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի շուրջ 105 հազար ընտանիք, այսինքն՝ Հանրապետության շուրջ 400 հազար քաղաքացի կստանան փոխհատուցում: Նոր սակագնի հաշվարկումն իր մեջ չի ներառում Բաշխիչ ցանցերի գործունեության հնարավոր բացթողումների հետ կապված կորուստները: Ըստ Սերժ Սարգսյանի, ճիշտ կլինի, որ միջկառավարական հանձնաժողովը առանձնահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ թիվ է:

«Մենք մի կողմից ուզում ենք, որ դուք զբաղվեք այդ ներդրումների պաշտպանությամբ, իսկ մյուս կողմից՝ տվյալ հարցին նայեք այդ ընկերությունների սոցիալական պատասխանատվության տեսանկյունից»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս